«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է Հեռարձակողների հաղորդումների մշտադիտարկումներ՝ յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր։
Հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի մարդկային ռեսուրսների սահմանափակվածությունը և հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողների բազմազանությունը, պետք է արձանագրենք, որ այս օբյեկտիվ հանգամանքից ելնելով՝ տեսականորեն, հեռարձակողների կողմից որևէ իրավախախտում կարող է տեղի ունենալ այն ժամանակահատվածում, երբ տվյալ հեռարձակողը չի գտնվել իր համար նախատեսված 5-օրյա մշտադիտրակման ներքո։ Այս դեպքերում հեռուստադիտողներն իրենց իրավագիտակից ակտիվությամբ կարող են էապես նպաստել Հանձնաժողովի լիազորությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, ի բարօրություն հանրային շահի։
Հատկանշական է, որ զարգացած և զարգացող մի շարք երկրների մեդիա կարգավորող մարմիններ իրենց եթերային բովանդակության պատշաճության ապահովման հարցում վաղուց ապավինում են նաև ակտիվ հասարակության ներգրավմանը։ Թերևս, միջազգային այս փորձի ուսումնասիրությունը հիմք հանդիսացավ նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում ավելացրեց «Ներկայացնել դիմում-բողոք» բաժինը, որը մասնակցային կառավարման սկզբունքի համաձայն՝ մեր հասարակության մտահոգությունները Հանձնաժողովին ուղղելու ինստիտուցիոնալ միջոցից զատ, հանդիսանում է նաև իրավագիտակից հեռուստասպառողի ձևավորման առաջնաքայլը։
