ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ի՞նչ տվյալներ պետք է պարունակի հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման մասին ծանուցումը

Ծանուցման մեջ պետք է նշվեն այն բոլոր հեռուստածրագրերի անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաև պետք է ներկայացվեն հեռուստածրագրերի իրավատերերի հետ կնքված պայմանագրերի պատճենները:

canucum-hotel-2020

Ի՞նչ տևողությամբ է թույլատրվում 1 եթերային ժամի հաշվով գովազդ հեռարձակել

Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ: Եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր 00.00 ժամից:

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է գովազդով ընդհատել ռադիոհաղորդումներն ու հեռուստահաղորդումները

Արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):

Ի՞նչ լիցենզիաներ է տալիս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տալիս է հեռուստածրագրերի եթերային հեռարձակման, ռադիոծրագրերի եթերային հեռարձակման, հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման և մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիաներ:

Ո՞ր դեպքերում է լիցենզավորված անձը պարտավոր հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար

Իրավաբանական անձի վերակազմակերպման կամ անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար:

Ի՞նչ ընթացակարգով են տրվում թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիաները

Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիաները տրվում են մրցութային կարգով՝ համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի  հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 23-Ն և 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշումների: