Հանձնաժողովը դիմումներին և բողոքներին պատասխանում է մինչև հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում, եթե դիմումատուի հարցադրումները չեն պահանջում լրացուցիչ ուսումնասիրություն կամ աշխատանք։
Եթե դիմումատուին պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք կամ ուսումնասիրություն, պատասխանի տրամադրման ժամկետը երկարաձգվում է առավելագույնը մինչև երեսուն (30) աշխատանքային օր։ Այս դեպքում դիմումատուն տեղեկացվում է ժամկետի երկարացման մասին՝ հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում։
Հանձնաժողովը դիմում-բողոքներին ընթացք է տալիս՝ ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հանձնաժողովի Գործավարության ներքին կարգի դրույթներով։
Եթերում առկա ցանկացած խախտման, այդ թվում՝ եթերում հնչած անպատշաճ բովանդակության մասին կարող եք գրել Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում «Ներկայացնել դիմում-բողոք» կոճակի միջոցով կամ պարզապես գրելով Հանձնաժողովի քարտուղարության պաշտոնական էլ․ հասցեին` secretariate@tvradio.am։
Հանձնաժողովին դիմում կամ բողոք ներկայացնելիս դիմումատուն նշում է իր անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը։
Եթե կան փաստաթղթեր կամ օրենքի խախտման այլ ապացույցներ՝ լուսանկար, էկրանի լուսապատճեն, անհրաժեշտ է դրանք կցել ներկայացվող դիմումին՝ տեքստի մեջ նշում կատարելով դրանց առկայության վերաբերյալ։
Տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է լիցենզիայի վրա նշված տրման ամսաթվից ոչ ուշ: Սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։
Տեսալսողական մեդիածառայություն մատուցելու համար պարտադիր պայման է հեղինակազորումը։ Հեղինակազորման հայտի ձևը կարելի է ներբեռնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` իրավաբանական անձի դեպքում կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարի վերաբերյալ։
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման և լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիաները տրվում են մրցութային կարգով, որի առանձնահատկությունները սահմանված են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգով։
Հանձնաժողովը լիցենզավորում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման, լսողական ծրագրի հաճախականության օգտագործման, ցանցային օպերատորի և մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեությունը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է Հեռարձակողների հաղորդումների մշտադիտարկումներ՝ յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր։
Հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի մարդկային ռեսուրսների սահմանափակվածությունը և հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողների բազմազանությունը, պետք է արձանագրենք, որ այս օբյեկտիվ հանգամանքից ելնելով՝ տեսականորեն, հեռարձակողների կողմից որևէ իրավախախտում կարող է տեղի ունենալ այն ժամանակահատվածում, երբ տվյալ հեռարձակողը չի գտնվել իր համար նախատեսված 5-օրյա մշտադիտրակման ներքո։ Այս դեպքերում հեռուստադիտողներն իրենց իրավագիտակից ակտիվությամբ կարող են էապես նպաստել Հանձնաժողովի լիազորությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, ի բարօրություն հանրային շահի։
Հատկանշական է, որ զարգացած և զարգացող մի շարք երկրների մեդիա կարգավորող մարմիններ իրենց եթերային բովանդակության պատշաճության ապահովման հարցում վաղուց ապավինում են նաև ակտիվ հասարակության ներգրավմանը։ Թերևս, միջազգային այս փորձի ուսումնասիրությունը հիմք հանդիսացավ նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում ավելացրեց «Ներկայացնել դիմում-բողոք» բաժինը, որը մասնակցային կառավարման սկզբունքի համաձայն՝ մեր հասարակության մտահոգությունները Հանձնաժողովին ուղղելու ինստիտուցիոնալ միջոցից զատ, հանդիսանում է նաև իրավագիտակից հեռուստասպառողի ձևավորման առաջնաքայլը։
Եթերային գովազդի հեռարձակմանը ներկայացվող սահմանափակումները կարգավորվում են «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան։ Մասնավորապես, գովազդի հեռարձակման տևողության սահմանափակումները սահմանված են «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, այն է՝ արգելվում է տեսալսողական հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ: Այս դրույթի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման կողմից, և օրենքի պահանջի խախտման հատկանիշներ արձանագրվելու դեպքում նախաձեռնվում է համապատասխան վարչական ներգործություն։
Վկայակոչելով մեր իրավակիրառ պրակտիկան՝ կարող ենք փաստել, որ թեև Հանձնաժողովի կողմից երբեմն արձանագրվում են հեռարձակողների եթերում գովազդի կարգավորումների խախտման տարբեր հանգամանքներ, սակայն դրանցից որևէ մեկը վերաբերելի չի եղել հեռարձակվող գովազդի տևողության սահմանափակումների խախտմանը։
Սակայն եկեք չմոռանանք, որ առանց գովազդից ստացած եկամուտների հեռուստա և ռադիոընկերությունները հնարավորություն չեն ունենա պատրաստել և հեռաևձակել իրենց ծրագրերը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկում է, որպեսզի Հայաստանի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման (հեռարձակվելու) լիցենզիա ստացած հայկական հեռուստաալիքներն իրենց շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը հեռարձակեն մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ․ այլ կերպ ասած՝ օգտակար բովանդակություն, ինչն օրենքի պահանջ է։
Վերոնշյալ 20 տոկոսի մասով օրենքի պահանջի կատարման շրջանակից դուրս ոչ Հանձնաժողովը, և ոչ էլ այլ մարմին եթերային բովանդակություն պարտադրելու կամ հեռուստառադիոընկերությունների խմբագրային անկախությանը միջամտելու իրավասություն չունի։
Հանձնաժողովը որևէ օտարերկրյա հեռարձակողի, այդ թվում նաև՝ ռուսական հեռուստաալիքներին («Первый канал», «Культура» (մայրաքաղաքային սփռում ունեցող) և «РТР планета» (հանրապետական սփռում ունեցող), Հայաստանի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա չի տրամադրել, չի թույլատրել դրանց հեռարձակումը հանրային մուլտիպլեքսով և հետևապես նաև չի կարող արգելել կամ արգելափակել։
Ռուսական վերոնշյալ հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որը ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Հանձնաժողովին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակից դուրս է միջկառավարական համաձայնագրի չեղարկումը։ Համաձայնագիրը կդադարի ուժի մեջ լինել 2027 թվականից, եթե մինչ այդ համաձայնագրի կողմերը պայմանավորվածություն ձեռք չբերեն դրա ժամկետի դադարեցման կամ երկարաձգման վերաբերյալ։
Այդուհանդերձ, Հանձնաժողովը՝ որպես Հայաստանում մեդիայի ոլորտը կարգավորող Սահմանադրական անկախ մասնագիտական մարմին, բազմիցս հրապարակավ հայտնել է իր անդամների հավաքական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, համաձայն որի՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում չպետք է հեռարձակվի որևէ օտար երկրի հեռարձակող, առանց բացառության։
ՀՌՀ–ն վերլություններ է կատարում մի քանի ուղղություններով, և դրանց վերաբերյալ հանդես է գալիս ինչպես հրապարակային ելույներով, այնպես էլ օրենսդիր ու գործադիր մարմիններին է փոխանցում տեղեկություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ոլորտային օրենսդրության և կարգավորումների բարելավումների և լրամշակումների համար։
Մասնավորապես, հանրային մուլտիպլեքսում տեսալսողական մեդիածառայություն մատուցող լիցենզավորված ընկերությունների ծրագրերում հանրօգուտ հաղորդումերի սահմանված չափորոշիչների պահպանման վերաբերյալ, ցանցային օպերատորների միջոցով վերահաղորդվող օտարերկրյա և հայերեն տեսալսողական ծրագրերի համամասնության՝ ըստ թեմատիկ ուղղվածության, լեզվի, երկրի, ընտրությունների ընթացքում վճարովի եթերաժամի բաշխվածության վերաբերյալ և այլն։
ՀՌՀ–ն իր լիազորություններն իրականացնում է Տեսալսողական մեդիայի մասին օրենքի դրույթների շրջանակներում, որոնք չեն տարածվում յութուբյան ալիքներով և սոցիալական ցանցերով հեռարձակվող հեռուստանման (TV-like) հաղորդումների ու ծրագրերի նկատմամբ։ Հետևապես, համացանցում քաղաքացիների կողմից արձանագրված առերևույթ խախտումները և դրանց վերաբերյալ ՀՌՀ–ին ուղղված հարցադրումները դուրս են կարգավորող մարմնի իրավասությունների շրջանակից։
Լիցենզավորված և հեղինակազորված հեռաձրակվող ծրագրերում տեղի ունեցած խախտումները պատժելի են համարվում օրենքով սահմանված կարգով, իսկ համացանցային տիրույթում նույնատիպ խախտման դեպքում պատասխանատվության ձևեր սահմանված չեն։
Հանձնաժողովը Ազգային ժողովին ներկայացվող տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարել այդ խնդրին և հրավիրել օրենսդիր մարմնի ուշադրությունը՝ ակնկալելով, որ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ։
Տեսալսողական մեդիայի մասին օրենքով, ինչպես նաև Հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 1-ի 109-Ա որոշմամբ հաստատված կարգով այնպիսի ֆիլմերի ու հաղորդումների ցուցադրությունը, որոնք քարոզում են քրեական ենթամշակույթի տարածումը, պարունակում են բռնության և/կամ էրոտիկ բաց տեսարաններ, և դրանք կարող են բացասաբար անդրադառնալ անչափահասների առողջությանը, մտավոր և ֆիզիկական զարգացմանը, դաստիարակությանը, սահմանափակված է ցուցադրման եթերաժամանակը, թույլատրելով ցուցադրությունը կեսգիշերից հետո՝ 24.00-06.00 ընկած ժամանակահատվածում։
Հանձնաժողովն իրականացնում է լիցենզավորված և հեղինակազորված հեռարձակողների տեսալսողական ծրագրերի մշտադիտարմում՝ յուրաքանչյուր հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր և վերահսկում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը։