ՀՌՀ-ն կիրառել է վարչական տույժ «ԱՌԱՋԻՆ ԹԻՎԻ» ծրագրի նկատմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2025 թվականի մայիսի 5-ի նիստում, քննարկել է «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» («ԱՌԱՋԻՆ ԹԻՎԻ») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցը և արձանագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի խախտում:

Հանձնաժողովը, վերլուծելով ձեռք բերված փաստաթղթերը, դրանց իրավական բնույթը և աղբյուրների հավաստիությունը, եզրակացրել է, որ Հեռարձակողի պարզաբանումներն չեն համապատասխանում իրականությանը։
Օրենքի պահանջներին համաձայն՝ Հեռարձակողը պատասխանատու է իր տրամադրած տեղեկատվության հավաստիության և ամբողջականության համար:

Վարչական վարույթի ընթացքում՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» և այլ հարակից օրենքների պահանջները, ինչպես նաև Հանձնաժողովի գրավոր հարցումները, Հանձնաժողովն ուսումնասիրել է Հեռարձակողի և ցանցային օպերատոր «ԹԻՄ» ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկությունները, որոնցից պարզ է դառնում՝ Հեռարձակողը Հանձնաժողովին ներկայացրել է ոչ ամբողջական և ոչ հավաստի տեղեկատվություն՝ նշելով, որ տեսալսողական ծրագիրը չի վերահաղորդվել։

Հանձնաժողովը նաև ընդգծում է, որ Հեռարձակողը՝ որպես հեղինակազորված իրավաբանական անձ, պարտավոր է պահպանել ոլորտը կարգավորող օրենսդրության բոլոր պահանջները և պատասխանատվություն է կրում դրանց խախտման դեպքում։

Ուսումնասիրելով գործի նյութերը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք:


Նշենք, որ այս որոշումը ուժի մեջ է մտնում այն «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից եւ կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։