Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոսի 20-ին գումարեց հերթական նիստը։
Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝
- «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 23 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- 2026թ․ հունիսի 30-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:
- 2026թ․ հունիսի 30-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս պարզվել է, որ «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ներկայացրած վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չէ «Նոյյան Տապան» տեսալսողական ծրագիրը, որը փաստացի վերահաղորդվել է արձանագրությունը կազմելու պահին։ Ցանցային օպերատորը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ որևէ պարզաբանում, բացատրություն, ինչպես նաև պայմանագիր չի ներկայացրել։ Հանձնաժողովը որոշեց տուգանել Ընկերությանը 50․000 ՀՀ դրամով։
Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել 2026թ․ հունիսի 30-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր սահմանել օգոստոսի 28-ը։
Վերոնշյալ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը։
Վերջին հարցով Հանձնաժողովը որոշեց հայտարարել չկայացած 2026թ․ հունիսի 30-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը (մրցույթին մասնակցելու համար հայտեր չեն ներկայացվել):
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
