«ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ընկերության նկատմամբ կիրառված որոշումը մնացել է անփոփոխ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքի քննարկման վերաբերյալ հարցը։

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային հարցը նշեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուսումնասիրելով «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից Հանձնաժողով մուտքագրված վարչական բողոքը, պարզել է․ Ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի ««ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 90-Ա որոշման դեմ, որտեղ նշել է, որԸնկերության կողմից նոր հաճախորդներ ներգրավելու համար փորձնական տարբերակով հեռարձակել է ծրագիր, որի համար չի եղել կնքված պայմանագիր, և որի հետևանքով էլ Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ըստ Ընկերության՝ ծրագիրը դեռ պատրաստ չի եղել հեռարձակման, և կատարվել են փորձնական աշխատանքներ ծրագիրը լիովին պատրաստ դարձնելու համար։ Ցանցային օպերատորը նշել է նաև, որ այդ ալիքը կամ ալիքները պատրաստ լինելու և հեռարձակվելու դեպքում պատշաճ կարգով կկնքվի պայմանագիր, ուստի վարչական բողոքով խնդրել է տվյալ վարչական վարույթը չեղարկել։

Հանձնաժողովը վարչական բողոքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում արձանագրում է, որ ցանցային օպերատոր հանդիսացող «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից ցանցային օպերատորի գործունեության տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը։

Հանձնաժողովն արձանագրել է որ Ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չէ «Ազատություն TV» տեսալսողական ծրագիրը, որը փաստացի վերահաղորդվել է արձանագրությունը կազմելու պահին։ Ցանցային օպերատորը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում ամրագրել է, որ ցանցային օպերատորը տեսալսողական ծրագրերը վերահաղորդելիս պարտավոր էր պահպանել Օրենքի առանձնահատկությունները սահմանող դրույթները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժը։

Կայացված որոշումից հետո ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել վարչական բողոք, խնդրելով հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալ ծրագիրը դեռ պատրաստ չի եղել հեռարձակման համար,  հեռարձակվել է փորձնական տարբերակով, և որի հեռարձակման համար չի եղել կնքված պայմանագիր։  

Ցանցային օպերատորի բերած բողոքից հետո Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարույթի մասնակցի կողմից ներկայացված փաստարկները, որոնք համադրվել են Հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 90-Ա որոշման ընդունման համար հիմք հանդիսացած գործում առկա ապացույցների և փաստերի հետ։

Անդրադառնալով վարչական բողոքում բերված պատճառաբանություններին, Հանձնաժողովն արձանագրում է, որ դրանք հիմնավոր փաստեր չեն իրավախախտումը չարձանագրելու համար, քանի որ ցանցային օպերատորը հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։

Այսպիսով, վարչական բողոքի ուսումնասիրության արդյունքում, առաջնորդվելով գործում առկա փաստերով, Հանձնաժողովն ամրագրում է, որ որպես տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող պետական մարմին Հանձնաժողովն Օրենքով վերապահված իր վերահսկողական լիազորություններն իրականացրել է իրավաչափ, իսկ ցանցային օպերատորի կողմից վարչական բողոքի շրջանակում ներկայացված փաստարկները հիմնավոր և բավարար չեն հաստատված համարելու այն փաստը, որ ցանցային օպերատորի կողմից Օրենքի պահանջի խախտում թույլ չի տրվել, և Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտը ենթակա է վերացման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց մերժել «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության վարչական բողոքը՝ անփոփոխ թողնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 90-Ա որոշումը: