Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, անհատ ձեռնարկատեր Մանվել Վաղինակի Փաշիկյանի ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 310 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության ռադիոծրագրի եթերային հեռարձակման N 245 լիցենզիայի կրկնօրինակը տրամադրելու հայտի և «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը հիմք ընդունելով «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը որոշեց hաստատել Ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Հանձնաժողովը որոշեց բավարարել անհատ ձեռնարկատեր Մանվել Վաղինակի Փաշիկյանին դիմումը և ուժը կորցրած ճանաչել 09․02․2021 թ․ տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 310 լիցենզիան, իսկ մեկ այլ որոշմամբ բավարարեց «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության հայտը և տրամադրեց 05․10․2017 թ-ի ռադիոծրագրի եթերային հեռարձակման N 245 լիցենզիայի կրկնօրինակը:
Քննարկելով օրակարգային վերջին՝ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից «Ազատություն Թիվի» տեսալսողական ծրագրի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին եթերում Օրենքով և Հանձնաժողովի՝ «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշումով ամրագրված՝ արգելված ժամանակահատվածում գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդումների հեռարձակման սահմանափակումների խախտման փաստ։
Ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի «Ազատություն Թիվի» տեսալսողական ծրագրի կողմից հունիսի 12-ին եթերումհեռարձակված Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին վերաբերող ուղիղ եթերը պարունակել է հայհոյախոսություն։
Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացված իր պարզաբանումներում մասնավորապես հայտնում է. «… Ցանկանում եմ նաև մեր խորին ափսոսանքը հայտնել նշված բացթողման համար, որը տեղի է ունեցել աշխատանքային արտակարգ իրավիճակում։ Հավատացնում եմ, որ որևէ դիտավորություն այն չի պարունակում և պարզապես մարդկային սխալի, անուշադրության հետևանք է․․․»։
Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերը, վերլուծելով և գնահատելով գործի հետ կապված փաստական հանգամանքները, խիստ կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ որոշակի ժամերին անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակման արգելքն ըստ էության կապված է հանրային շահի հետ, որը տվյալ դեպքում, ինչպես նաև ընդհանրապես իր մեջ ներառում է անչափահասների առողջությունը, մտավոր ու ֆիզիկական զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցությունից պահպանումը։
Այսպիսով, Հեռարձակողը փաստացի ընդունել է իրավախախտման փաստը, որի մասին նշել է իր պարզաբանման մեջ, իսկ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի
դրույթներով, Հանձնաժողովի՝ «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշման Հավելվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 3-րդ մասով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։