ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կարճվել է «ՖՐԻ ՆՅՈՒԶ» Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը

Այսօր՝ փետրվարի 12-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, ներկայացնելով օրակարգային հարցը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ, այն է՝ 2024 թվականի փետրվարի 05-ի ժամը 09։00։33-ից սկսած Հեռարձակողը 24 ժամ շարունակ չի ապահովել «ՖՐԻ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի հեռարձակումը:

Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը և որևէ գործողություն չի կատարվել խախտումը վերացնելու ուղղությամբ։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը որոշում է կայացրել պայմանագրով սահմանված կարգով դադարեցնել Հեռարձակողի «ՖՐԻ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի հեռարձակումը, մինչև վերջինիս կողմից պարտքի մարումը։

Նշվեց նաև, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության 2024 թվականի փետրվարի 09-ի գրությամբ Հանձնաժողովին տեղեկացվել է, որ «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ընկերությունը մարել է պարտքը և ՀՀՌՑ-ն որոշում է կայացրել 2024 թվականի փետրվարի 09-ի ժամը 13։30-ից վերականգնել «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի հեռարձակումը։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Օրենքի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գրությունը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել: