ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ», «ԱԳԱՐԱԿ-ՏՎ», «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ», «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ», «Ա-ԹԻՎԻ» և «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ», «ԱԳԱՐԱԿ-ՏՎ», «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ», «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ընկերությունների կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։ Հանձնաժողովն իրականացրել է ցանցային օպերատորների մոտ մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի մասնագետների կողմից կազմվել է օպերատորների գործունեության մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրություն, այնուհետև կատարվել է արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն։

Փաստացի վերահաղորդվող ծրագրերի և ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրության արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում, բացի փաստացի վերահաղորդվող ծրագրերից, առկա են նաև տեսալսողական ծրագրեր, որոնք արձանագրություն կազմելու պահին չեն վերահաղորդվել։

Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթների մասին ծանուցել է ցանցայի օպերատորներին և հայտնել, որ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները։

Այսպիսով, վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով ցանցային օպերատորների լիցենզիա ստացած անձի համար պարտավորություն է սահմանված ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը վերահաղորդել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով Օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» և «ԱԳԱՐԱԿ-ՏՎ» ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» և «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ընկերությունների նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

Ներկայացնելով «Ա-ԹԻՎԻ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշվեց, որ Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ «Ա-ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահպանման վերաբերյալ դրույթի պահանջի խախտում։

Հեռարձակողի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Օրենքով Հեռարձակողների համար պարտավորություն է սահմանված՝ իրենց ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը, որը Հեռարձակողի կողմից չի պահպանվել և ավելին, այդ պահանջը չի պահպանվել 2023 թվականի հոկտեմբերի 2-ից  29-ն ընկած ժամանակահատվածում (երեք շաբաթվա ընթացքում)։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների դրույթներվ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 23-րդ մասը՝ որոշեց «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 23-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:

«ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «ՏԱՎՈՒՇ ՏՎ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ, մասնավորապես՝ մի շարք ֆիլմեր ցուցադրության ընթացքում չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր գրությամբ հայտնել է, որ առկա էր եթերը հեռարձակող համակարգչի տեխնիկական ծրագրային խնդիր, որն արդեն վերացված է։ Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների արդյունքում վնասվել են բոլոր սնուցման ռեզերվային բլոկները, որի պատճառով համակարգիչներն ու մնացած սարքավորումները հոսանքի խափանումից ակնթարթորեն անջատվել են, ինչը համակարգիչների մոտ բերել է օպերացիոն համակարգի ծրագրային խնդիրներ։Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը որպես ապացույց Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի էլեկտրոնային ցանցեր «ԱՂՍՏԵՎ» մասնաճյուղի «Իջևան» էլ․ ցանցերի կողմից տրված տեղեկանքը։

Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողի կողմից վկայակոչված փաստերը չեն կարող հարուցված վարչական վարույթի ընթացքում համարվել որպես ապացույց և Հեռարձակողին ազատել պատասխանատվությունից, քանի որ չեն հիմնավորում վերջինիս մեղքի բացակայությունը։ Նշելով, որ Հեռարձակողի կողմից իրականացվել է իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասի հատկանիշներին։ Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։