ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Խորհրդարանը քննարկել է ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածությունների ընտրության հարցը

Դեկտեմբերի 5-ի ԱԺ հերթական նիստում խորհրդարանը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները, փաստել է, որ նա սովորել եւ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Բանասիրական գիտությունների թեկնածու է, գրքերի եւ բազմաթիվ հոդվածների, ակնարկների հեղինակ: Հասմիկ Հակոբյանը «Գրանիշ գրական համայնք» ՀԿ-ի հիմնադիր նախագահն է:

Ըստ պատգամավորի՝ Հասմիկ Հակոբյանն արդյունավետ կաշխատի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում:

Նշվել է նաեւ, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ կողմ է քվեարկել Հասմիկ Հակոբյանի թեկնածությանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Հասմիկ Հակոբյանն իր ելույթում նշել է. «Մասնագիտական գործունեությունից զատ՝ հետապնդել եմ մի ընդգրկուն նպատակ՝ մեր երկրում բարձրացնել ընթերցանության մակարդակը՝ որպես վերջնարդյունք ունենալ կարդացող, գիտելիքի վրա հենված, փաստարկված, վերլուծող, քննադատական մտածողությամբ օժտված, հանդուրժող հասարակություն»: Ըստ նրա՝ կրթված ու հանդուրժող հասարակություն ունենալու գործում առանցքային դերակատարություն ունի կրթական համակարգը, մասնավորապես, դպրոցը, հեռուստատեսությունն ու ռադիոն:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նա պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ներկայացրել է իր դիտարկումները հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի վերաբերյալ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն անդրադարձել է պատգամավորի կողմից բարձրաձայնված թուրքական ռադիոընկերությունների՝ մեր երկրի տարածքում հեռարձակման խնդրին:

Խորհրդարանի փոխնախագահը փաստել է, որ նախորդ տարի Կառավարությունը 3 միլիարդ դրամ է հատկացրել ռադիոմոնիտորինգային սարքավորումների համար: «Ինչի՞ համար է սա արվում, քանի որ ռադիոհաճախականությունների, ռադիոալիքների ուժգնության չափման անհրաժեշտ սարքավորումներն արդեն հնացել էին եւ չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք մեծ ներդրում ենք արել եւ ձեռք ենք բերել ժամանակակից սարքավորումներ»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Նունե Հախվերդյանի թեկնածությունը:

ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Թեկնածուն լրագրող է, արվեստի քննադատ եւ մեդիավերլուծաբան:

Նունե Հախվերդյանն իր ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների, անընդունելի համարել ընդդիմադիր եւ իշխանամետ լինելու հանգամանքի շահարկումը: Նա կարեւորել է ինքնաբավ լինելը, որը, ըստ նրա, ծնում է պատասխանատվություն: Խոսելով լրատվամիջոցների հեղինակության մասին՝ նա նշել է. «Ցանկացած ուժեղ պետությունում կայուն լրատվական դաշտ կլինի, եթե լրատվամիջոցը լինի ինքնաբավ կառույց, թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքական իր համակրանքներից բավական ազատե: Նա նաեւ նշել է, որ լրագրող լինելով հասկանում է լրատվական դաշտում տիրող իրավիճակը: Նունե Հախվերդյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարեւոր է համարել կանանց ներգրավվածությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում: Նա անդրադարձել է նաեւ ոլորտի այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը www.parliament.am/ կայքէջ։