ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում ընդունվել են մի շարք որոշումներ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` «ԱՅՆԵԹ» ՍՊ ընկերության` ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 336 լիցենզիան վերաձևակերպելու հայտի, «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ», «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» և  «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկելով «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հեռարձակողի գործունեության մշտադիտարկման, ինչպես նաև սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված պայմանների համապատասխանության ստուգման արդյունքում արձանագրել է լսողական մեդիածառայություն մատուցող «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ընկերության կողմից հեռարձակվող «ԹՈՒ.ՍՊՈՐՏ» լսողական ծրագրի հեռարձակման արդյունքում խախտման փաստեր, ինչը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի  29-րդ մասի դրույթներին։

Ըստ Արձանագրության՝ իրականացվել է Լսողական ծրագրեր հեռարձակողի կողմից հեռարձակվող «ԹՈՒ.ՍՊՈՐՏ» լսողական ծրագրի մշտադիտարկում և Լսողական ծրագրեր հեռարձակողի սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի պայմանների համապատասխանության ստուգում։ Արդյունքում արձանագրվել է, որ Լսողական ծրագրեր հեռարձակողը չի կատարել իր կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված և լիցենզիայի պայման հանդիսացող «Հեռարձակողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ» փաստաթղթով ստանձնած՝ քաղաքական, կրթական, մանկապատանեկան, մշակութային, ժամանցային ուղղվածության հաղորդումների, ինտերակտիվ ռադիո ձևաչափով հաղորդումների, և ընդհանուր ուղղվածության լսողական մեդիածառայություն ստեղծելու մասով պարտավորությունները, իսկ երաժշտական և լրատվական հաղորդումների մասով իր կողմից ստանձնած պարտավորությունները կատարել է մասնակի։         

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով հարուցել է վարչական վարույթ, որի մասին ծանուցել է Լսողական ծրագրեր հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները։

Վարչական վարույթի շրջանակներում Լսողական ծրագրեր հեռարձակողը Հանձնաժողով հասցեագրած իր պարզաբանման մեջ մասնավորապես նշել է, որ Ընկերությունը համաձայն չէ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության մշտադիտարկման (ուղղակի դիտարկում իրականացնելու միջոցով) իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ կատարված եզրահանգումների հետ ներկայացնելով պատճառաբանություններ։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ լսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են գործունեությունը իրականացնել լիցենզիայի պայմանների՝ նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրին համապատասխան։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 29-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

Քննարկելով «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» և «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» և «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությունների կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։

Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի դրույթներով, համաձայն որի` Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում՝ նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով, և հիմք ընդունելով Հանձնաժողովի նախագահի հրամանը, իրականացրել է ցանցային օպերատորների մոտ մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով։

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կատարվել է կազմված մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ արձանագրությունը կազմելու պահին փաստացի վերահաղորդվել են տեսալսողական ծրագրեր, որոնք առկա չեն ցանկերում։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ խախտվել են Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները։

Այսպես, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» և «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Քննարկելով «ԱՅՆԵԹ» ընկերության` ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը, Հանձնաժողովը բավարարեց Ընկերության դիմումը և տրամադրեց Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը որոշեց գտնվելու վայրի փոփոխության հիմքով բավարարել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտը։