ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ՓԻ ԲԻ ՍԻ» և «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» Ընկերությունների նկատմամբ  կիրառվել է տույժ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` «ՓԻ ԲԻ ՍԻ» և «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊ ընկերությունների նկատմամբ  վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշվեց, որ «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲ ընկերությունը Հանձնաժողով հասցեագրված դիմումով տեղեկացրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Գովազդի մասին» օրենքի խախտումների մասին։ Ընկերությունը 2023 թվականի օգոստոսի 22-ին «Տոտո Սպորտ» ՍՊ ընկերության դեմ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, նպատակ ունենալով լրացնել վերոհիշյալ վարչական վարույթը նոր փաստերով, Հանձնաժողով 2023 թվականի սեպտեմբերի 7-ին հասցեագրված դիմում–բողոքով տեղեկացրել է Հայաստանում տեսալսողական մեդիածառայություն մատուցող անհայտ սուբյեկտի տեսալսողական ծրագրում «Տոտո Սպորտ» ՍՊ ընկերության ապրանքային նշանով տեսալսողական հաղորդման ցուցադրման մասին։ Ըստ Ընկերության Բողոքի՝ Հեռարձակողի «ABN Armenian Business News» տեսալսողական ծրագրի եթերում՝ տեսալսողական հաղորդման ընթացքում, ցուցադրվել է «Տոտո Սպորտ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող ապրանքային նշանը, որը շփոթելու աստիճան նման է վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերության ապրանքային նշանին։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, հիմք ընդունելով Ընկերության Բողոքը, Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, այդ մասին ծանուցելով Հեռարձակողին:

Վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով է ներկայացրել   պարզաբանում։ Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողի կողմից իրականացվել է իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասի հատկանիշներին։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Գովազդի մասին», «Ապրանքային նշանների մասին» օրենքների, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

«ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «Լոռի» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։ Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով  Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Ըստ կազմված արձանագրության՝ Հանձնաժողովը իրականացրել է «Լոռի» տեսալսողական ծրագրի 2023 թվականի սեպտեմբերի 01-ից 15-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված մի շարք ֆիլմեր չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։ Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել է Հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանմամբ վկայակոչված փաստերը չեն կարող հարուցված վարչական վարույթի ընթացքում համարվել որպես ապացույց, քանի որ Հեռարձակողի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում չի հաստատվել այլոց մեղավոր լինելու փաստը (հաստատվելու դեպքում էլ չէր կարող հարուցված վարչական վարույթի ընթացքում դիտվել որպես ապացույց)։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: