ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տուգանվել է «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ընկերություը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հեռուստատեսության և  ռադիոյի  հանձնաժողովի  2021 թվականի օգոստոսի 6-ի ««ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 129-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, «ՏԻՆՍ» ՍՊ ընկերությանը 2022 թվականի ապրիլի 8-ին տրամադրված ՀՎ № 057 հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի և «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ընկերությանգործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «Արմենիա» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի  8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։

Ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի «Արմենիա» տեսալսողական ծրագրի եթերում հեռարձակված «Եղնիկների կածանը» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, որը սակայն չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ծանուցել Հեռարձակողին։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողի կողմից որևէ պարզաբանում և բացատրություն Հանձնաժողով չի  ներկայացվել։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որՀեռարձակողի կողմից իրականացվել է իրավախախտում։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով Հասույթի 0.02 տոկոսի չափով՝ 485 579 (չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ:

Հանձնաժողովը հիմք ընդունելով «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության՝ անվան փոփոխության մասին դիմումը` որոշում է 2021 թվականի օգոստոսի 6-ի ««ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 129-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» անվանումը փոխարինել «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» անվամբ։

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը բավարարել է «ՏԻՆՍ» ՍՊ ընկերությանը դիմումը և ուժը կորցրած ճանաչել 2022 թվականի ապրիլի 8-ին տրամադրված ՀՎ № 057 հեղինակազորման վկայագիրը։