ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվեց մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների՝  «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների հայտերի հրապարակման և անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանին 2021 թվականի սեպտեմբերի 27-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N325 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը բավարարեց և ուժը կորցրած ճանաչեց անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանի դիմումը, որով խնդրել էր դադարեցնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 325 լիցենզիան:

Այնուհետ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած  «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունները հրապարակեցին հայտերը, ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները և հետագա գործունեության մասին ծրագիրը։

Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը:

Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հայտարարման համար հիմք էր հանդիսացել ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը (ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է)։

Տեսանյութ