ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ընկերությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում կիրականացնի լսողական ծրագրերի սփռում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության հայտի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրության, «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու հայտի և «Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2021թ. դեկտեմբերի 5-ի ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ՝ ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքների» վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրել են հաղթողին՝ «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերությանը  տրամադրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 96.3 ՄՀց, Գավառ քաղաքում՝ 99.7 ՄՀց, Մարտունի քաղաքում՝ 94.1 ՄՀց, Վարդենիս քաղաքում՝ 97.1 ՄՀց և Ճամբարակ քաղաքում՝ 98.7 ՄՀց հաճախականությունները։

Հանձնաժողովը քննարկել և բավարարել է «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հայտը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2021թ. դեկտեմբերի 5-ի ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ՝ ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքների վերջնական եզրակացությունը, որը հրապարակվել և ներկայացվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: