ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և մեդիաոլորտի ներկայացուցիչներ:
Տիգրան Հակոբյանը ներկայացնելով իր տեսակետը օրենքի փոփոխության վերաբերյալ նշել է,- «Պետք է խոսեմ միայն Հանձնաժողովի կարգավորման տակ գտնվող Հեռարձակողների՝ լիցենզավորված հեռուստառադիո կազմակերպությունների մասին, որոնք հանրային մուլտիպլեքսում են կամ օգտագործում են պետական սահմանափակ ռեսուրսը՝ այսինքն FM հաճախականությունները: Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիո գովազդային շուկան գրեթե փլուզվեց, և եթե այստեղ բերվում են 2019 թվականի տվյալները շահումով խաղերի գովազդի տեսակարար կշռի մասին, ապա մեր վերլուծություններով այն 7%-ից աճել է 12-15%: Դա միայն գովազդային հոսքերն են, որոնք չեն կրճատվել, այլ նույնիսկ աճել են: Որոշ հեռուստառադիոընկերություններում մինչև 15% գովազդային մուտքերը կազմվում են հենց շահումով խաղերից ստացվածներից:
Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստա և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020 թվականին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են իրենց հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Դա հանրօգուտ հաղորդումների 20%-ի ծավալն է և երկրորդ՝ երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»:
Տիգրան Հակոբյանը ներկայացնելով այլ երկրների օրինակներ ներկայացրեց առաջարկ, նշելով,- «Մեր առաջարկն է, որ հաշվի առնելով այս մի քանի հանգամանքն ու տասնյակ այլ գործոններ, հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար այս օրենքի կիրառումը հետաձգվի ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ կարողանան պատրաստվել, հայթայթել եկամուտների նոր աղբյուրներ»:
Մանրամասն տեսանյութում: