Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 154-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի քննության փուլի, «ՀԱՃԸՆ ԻՍՊ», «ԲԱԳԵՏ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցերը նշվեց, որ Հանձնաժողովն օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող «ՀԱՃԸՆ ԻՍՊ», «ԲԱԳԵՏ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությունների կողմից՝ գործունեության մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու համար, ցանցային օպերատորները Հանձնաժողովի տեղում դիտարկում իրականացնող աշխատողներին չեն ապահովել Օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները։
Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով՝ ցանցային օպերատորների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ: Վարչական վարույթների ընթացքում ցանցային օպերատորների կողմից վարչական վարույթների փաստական հանգամանքների վերաբերյալ ներկայացվել են բացատրություններ, որոնք ուսումնասիրվել և համադրվել են վարչական վարույթների ընթացքում ձեռք բերված ապացույցների հետ և համադրության արդյունքում Օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել։ Հետևաբար, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ՀԱՃԸՆ ԻՍՊ», «ԲԱԳԵՏ» և «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները։
Քննարկելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 154-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի քննության փուլի վերբերյալ օրակարգային հարցը նշվեց, որ ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» թիվ 154-Ա որոշման դեմ:
Հանձնաժողով ներկայացված վարչական բողոքում մասնավորապես նշված է, որ դիստրիբյուտորը դիմում է ներկայացրել Հանձնաժողով՝ հայտնելով, որ հանդիսանում է «Звезда HD» տեսալսողական ծրագրի դիստրիբյուտորը, իսկ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունն առանց պայմանագիր կնքելու և առանց օրինական հիմքերի վերահաղորդում է վերոնշյալ տեսալսողական ծրագիրը՝ խախտելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։
Վարչական բողոքի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում՝ առաջնորդվելով ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացրած ապացույցներով, Հանձնաժողովն ամրագրել է, խնդրո առարկա հանդիսացող տեսալսողական ծրագիրը ցանցային օպերատորի կողմից չի վերահաղորդվում, որն էլ հիմք է հանդիսացել վարչական վարույթը կարճելու համար։ Հանձնաժողովը որոշեց մերժել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության վարչական բողոքը՝ անփոփոխ թողնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 154-Ա որոշումը: