Հոկտեմբերի 13-ին ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն:
Պատգամավորների այցի նպատակն է Ազգային ժողովի ու պետական հաստատությունների միջեւ համագործակցության առավել լայն հնարավորություններ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկել:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Նարեկ Բաբայանը սկզբում եղել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում:
Պատգամավորները հանդիպել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի եւ կառույցի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախորդ տարի ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որի կիրարկումից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
ՀՌՀ նախագահը նշել է, որ վերոնշյալ օրենքի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք մասամբ ընդունվել են: Տիգրան Հակոբյանը վերահաստատել է փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ որոշ դրույթներ հակասում են հարակից օրենքներին: ՀՌՀ նախագահը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները, ընդգծել է, որ նախատեսվում է ձեւավորել վերլուծական բաժին:
Զրուցակիցները, խոսելով իրենց ապագա ծրագրերից, կարեւորել են ինտերնետ մեդիաոլորտի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սոցիալական գովազդին՝ ընդգծելով, որ ոլորտը կարգավորման կարիք ունի:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել՝ ծանոթանալով կառույցի պայմաններին:
Մանրամասները www.parliament.am կայքում: