ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաստատվել է լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օրը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում երեք հարց՝ լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթների և մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու, «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» և «168 ԺԱՄ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ անդամները առաջնորդվելով  «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով` լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթների և մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր է սահմանել 2021 թվականի օգոստոսի 13-ը:

Վերսկսվելիք նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթներում հաղթող մասնակիցների ընտրությունը:

Հանձնաժողովը բավարարել է «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» և «168 ԺԱՄ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կարգավիճակ: