ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովն ընդունել է չափորոշիչներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող  տեսալսողական  հաղորդումների  որոշման չափորոշիչները սահմանելու մասին», «Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին», «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ», «ՖՐԻ ՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ», «ՖՄ-105,5» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ՀՈՒՍԱԲԵՐ», «ԱՐՄՆՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման և «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊընկերության ՀՀ Շիրակի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցերը:

Հանձնաժողովի նիստին ներկա էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա վերլուծաբանը և տեսալսողական ծրագրեր հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչներ:

Քննարկելով օրակարգային առաջին հարցը նշվեց, որ չափորոշիչներում կարևորվել է այն հանգամանքը, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք, նրանց իրավունքներն ու շահերը վեր դասելով տարբեր հիմնախնդիրների լուծման հրատապությունից և տեսալսողական ծրագրերում օգտագործելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքը, առաջացել էր այդ չափորոշիչը վերախմբագրելու անհրաժեշտությունը:

Չափորոշիչներում ներկայացվել են այն դրույթները, որոնք անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պարտավոր են հետևել:

էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելիս կարևորվել է, թե էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումներում ինչ տեսարաններ չեն կարող ցուցադրվել, այդ թվում՝  սեռական հարաբերությունների տեսարաններ, բարոյական նորմերն ու արժեքները ոտնահարող պատկերներ, կոպիտ, գռեհիկ արտահայտություններ, վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարաններ կամ ձայնաշար և այլն:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ», «ՖՐԻ ՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ», ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ՀՈՒՍԱԲԵՐ», «ԱՐՄՆՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման համար հիմք էր հանդիսացել Հեռարձակող ընկերությունների կողմից 2021 թվականի հունիսի 20-ի եթերում ՀՀ օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում՝ ընտրությունների քվեարկության օրը քարոզչական կամ քարոզչությանը նպաստող նյութի հեռարձակման միջոցով սահմանված կարգի պահպանման վերաբերյալ դրույթների պահանջների խախտումը, «ՖՄ-105,5» ՍՊ ընկերության նկատմամբ՝ լսողական ծրագրի 2021 թվականի հունիսի 7-ի և 8-ի եթերում նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչական լսողական հաղորդումների ընթացքում  սահմանված դրույթների պահանջների խախտումը:

Քննարկելով Ընկերությունների կողմից ներկայացված բացատրությունները Հանձնաժողովը որոշում կայացեց «ՖՄ-105,5» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» Ընկերության նկատմամբ կիրառել է տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով և գրավոր նախազգուշացում, իսկ մնացած Ընկերությունների նկատմամբ կիրառել  տույժ՝ գրավոր նախազգուշացում:

 Հանձնաժողովը բավարարել է «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊընկերության ՀՀ Շիրակի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումը: