Արձագանքելով «Փաստ» օրաթերթում 2021 թվականի հունիսի 15-ին «Իշխանական տեղեկատվական էքսպանսիա. «Ֆրինյուզը» մտնում է եթեր» վերտառությամբ տպագրված հոդվածին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողավը հայտնում է.
2021 թվականի հունվարի 15-ին Հանձնաժողովն ամփոփելով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքները, ուսումնասիրելով «Ֆրինյուզ» ընկերության ներկայացրած հայտը, նրան տվել է մայրաքաղաքային հեռարձակման լիցենզիա:
Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 5)-րդ կետի համաձայն լիցենզիավորված Հեռարձակողի՝ լիցենզիա ստանալու պահից վեց ամսվա ընթացքում տեսալսողական հաղորդումներ չհեռարձակելու դեպքում, լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է:
«Ֆրինյուզ» ընկերության լիցենզիոն պարտավորության կատարման ժամկետը լրանում է 2021 թ. հուլիսի 20-ին (լիցենզիա՝ ԵՀ 298, տրված՝ 20.01.2021թ.): Միաժամանակ նշենք, որ օրենքը չի արգելում նշված ժամկետից ավելի վաղ հեռարձակում իրականացնել:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ընկերությունը համագործակցելու է «Յուքոմ» կամ «Ռոստելեկոմ» ցանցային օպերատորների հետ, նշենք, որ այդ հանգամանքը ևս կարգավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետով: Այն է՝ «3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց՝ անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից:»