ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ում կայացել է հանդիպում նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ

Այսօր՝ հունիսի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմակերպել էր ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ձևավորած նախընտրական շտաբների ներկայացուցիչների համար սեմինար-դասընթաց:

Սեմինար-դասընթացին, որին ներկա էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը, ՀՌՀ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին ԱԺ արտահերթ ընտրությունների ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները:

 ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել աննախադեպ թվով կուսակցություններ և  կուսակցությունների դաշինքներ, որոնց հետ աշխատանքները ճիշտ կազմակերպելու, կոնֆլիկտներից խուսափելու, լրատվամիջոցների հետ աշխատանքները կարգավորելու համար սեմինար-դասընթացին տրված պարզաբանումները կլինեն ուղղորդող և արդյունավետ:

Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրեցին հեռարձակողների կողմից ներկայացված եթերում վճարովի գովազդի րոպեի և գնի, դրանց փոփոխության, հերքման և խոսքի իրավունքի, ուղիղ եթերով ցուցադրվող հաղորդումների ժամանակ էթիկայի կանոնների պահպանման մասին տեղեկատվություն:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, որի միջոցով նախընտրական շտաբների ներկայացուցիչները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը: