ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունները պահպանվել են. Տիգրան Հակոբյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հաշվի առնելով հաղորդման ծավալուն լինելու հանգամանքը՝ նա հակիրճ անդրադարձավ այն հիմնական թեզերին, որոնք հասարակության կողմից առավել շատ են քննարկվում եւ մտահոգության առիթ դառնում: Խոսելով մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին՝ զեկուցողը նշեց, որ 2018-ից իշխանության հռչակած ժողովրդավարության սկզբունքները՝ մամուլի ազատության ապահովում, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորություններ, հիմնականում պահպանվել են: Ըստ զեկուցողի՝ հաշվետու տարվա ընթացքում հանձնաժողովը լուրջ բողոքներ չի ստացել:

Փաստելով, որ ոլորտի վրա բացասական ազդեցության գործոնները բազմաթիվ են՝ Տիգրան Հակոբյանն ընդգծեց որոշ լրատվամիջոցների վրա տարբեր հիմնադիրների, փայատերերի, քաղաքական ուժերի, անհատների ազդեցությունն ու միջամտությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրենսդրական բավականին ծավալուն աշխատանքներ պետք է իրականացվեն այդ առումով:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ հաշվետու տարում հանձնաժողովի գործունեությանը կամ որոշումների ընդունմանը որեւէ միջամտություն, ուղղորդում կամ ուղղորդման փորձեր չեն եղել:

Նա տեղեկացրեց, որ 2019 եւ 2020 թվականներին զանգվածային լրատվամիջոցները հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացրել են 11 դատական հայց:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.parliament.am կայքում: