ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում երեք հարց՝ ««ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական տույժ կիրառելու և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի մարտի 04-ի թիվ 38-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցի և «ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:

Օրակարգի հաստատումից հետո Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշել է, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ընկերության դիմում-գանգատը, որտեղ նշված է եղել «ՓԻ ԲԻ ՍԻ» ընկերության կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումներն առանց դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու մասին:

Հանձնաժողովն հիմք ընդունելով դիմումը՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ Հեռարձակողը ոչ սեփական տեսալսողական հաղորդումը հեռարձակել է առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության, խախտելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջը։ Նշվածի արդյունքում Հանձնաժողովը «ՓԻ ԲԻ ՍԻ»  ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին նշվել է, որ ուսումնասիրվել է «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից Հանձնաժողով մուտքագրված վարչական բողոքը և պարզվել, որ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ դիստրիբյուտոր) վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովի 2021 թվականի մարտի 04-ի «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» թիվ 38-Ա որոշման դեմ: Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով՝ դիստրիբյուտորի կողմից բերված վարչական բողոքն ընդունել է վարույթ:

Հանձնաժողովը վարչական բողոքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված լրացուցիչ ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում ամրագրել է, որ ցանցային օպերատորի կողմից իրականացվել է իրավախախտում և առաջնորդվելով ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացված նոր փաստերով, ցանցային օպերատորի նկատմամբ ընդունել է նոր վարչական ակտ՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ»  ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տույժ` տուգանելով 263 460 (երկու հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամի չափով:

Հանձնաժողովը բավարարել է ՆՏ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությանը հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: