ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանդիպում ՀՌՀ-ում ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով Հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի գլխավորած պատվիրակության հետ:

Ս/թ նոյեմբերի 14-ին Հեռուստատեսության եւ Ռադիոյի հանձնաժողովի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով Հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի գլխավորած պատվիրակության և ՀՌՀ անդամներ` Տիգրան Հակոբյանի եւ Վլադիմիր Օհանյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղաղ հավաքների և միավորումների ազատության, կարծիքի արտահայտման, մտքի, խղճի և կրոնի ազատության, զանգվածային լրատվության միջոցների անկախության հետ կապված հարցեր: Պարոն Վուլեյը ներկայացրեց իր այցի նպատակը, այն է` փոխհամագործակցության և համատեղ քննարկումների միջոցով, ձեռք բերել համապարփակ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների և միավորումների ազատության ապահովման, ինչպես նաև կատարված աշխատանքների և խնդիրների դեռևս լուծում չստացած խնդիրների վերաբերյալ: Պարոն Վուլեյը նշեց, որ ստացված տեղեկատվության հիման վրա իր կողմից պատրաստվելու է զեկույց: Տիգրան Հակոբյանը ներկայացրեց ՀՌՀ լիազորությունները, գործունեության սկզբունքները և մանրամասն խոսեց ՀՌՀ կողմից այս ոլորտում իրականացվող կարգավորիչ գործունեության մասին: Մասնավորապես նշվեց, որ ՀՌՀ-ն վերահսկում է, միայն, վերգտնյա հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, կաբելային ընկերությունների գործունեությունը: Պարոն Հակոբյանը ներկայացրեց, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում ՀՌՀ-ի կողմից իր լիազորությունների շրջանակում վերոնշյալ ազատությունների ապահովման ուղղությամբ և ինչպիսի խնդիրներ են առաջանում: