Այսօր՝ ապրիլի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրի հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության, «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության ՀՀ Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի N 42-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Օրակարգային առաջին հարցը քննարկելով Հանձնաժողովի անդամները նշել են, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել «ԺԱՆՄԵԳԱԼ» ընկերությունը և ցանկալի է, որ Տավուշի մարզը որպես սահմանամերձ գոտի ունենա հեռուստաընկերություն:
Լիցենզավորման արտահերթ մրցույթին ներկայացված փաստաթղթերի մանրամասն քննարկումից հետո Հանձնաժողովի անդամները կատարել են քվեարկություն, արդյունքում՝ «ԺԱՆՄԵԳԱԼ» ընկերությունը ճանաչվել է հաղթող և ստացել լիցենզիա:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը բարի երթ մաղթելով նշել է, որ անհրաժեշտ է կարևորել տեղական բովանդակության նյութերը, որը նաև սոցիալիզացիայի խնդրի լուծման հիմնական ճանապարհն է:
Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով նշել են, որ հեռուստաընկերության մշակած քաղաքականությամբ հստակ բաժանված են ուղղությունները՝ ճանաչողական, կրթական, մշակութային, գյուղական, երիտասարդական, հայրենասիրական և այլն:
Հանձնաժողովը բավարարել է նաև «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ընկերության դիմումը՝ ՀՀ Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ և փոփոխություն և լրացում կատարել Հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի N42-Ա որոշման մեջ: