«Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառման շրջանակներում մարտի 25-ին կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Հայաստանի օպերատորների միության հետ համատեղ կազմակերպած համաժողովը, որը նվիրված էր ցանցային օպերատորների արդի զարգացումներին և մարտահրավերներին։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Բացման արարողությանը հաջորդել է «Ցանցային օպերատորների արդի զարգացումները և խնդիրները» թեմայով պանելային քննարկումը (hամակարգող՝ «Մենք Քոնսալթինգ» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Վարդերեսյան), որին մասնակցել են ՀՌՀ-ի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետի տեղակալ Հայկ Բարսեղյանը, «Ինորեյն» ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արմեն Հակոբյանը, «Գլոբալ քոնթենթ սերվիս» ՍՊԸ տնօրեն Վիգեն Առուշանյանը և «Էֆնեթ» ընկերության մարքեթինգի և սպասարկման բաժնի ղեկավար Սոնա Մադոյանը:

Բանախոսները քննարկել են թվայնացման և տեխնոլոգիական նոր միտումները, OTT հարթակների ազդեցությունը տեսալսողական մեդիայի վրա և սպառողական վարքագծի ընթացիկ փոփոխությունները։

«Տեսալսողական մեդիա դաշտի կարգավորումներն ու կարիքները» թեմայով քննարկման մոդեռատորը ՀՌՀ նախագահի խորհրդական Լիլիա Սիմոնյանն էր, իսկ քննարկման մասնակիցներն էին ՀՌՀ-ի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիանա Դոխիկյանը, ՀՌՀ-ի լիցենզավորման բաժնի պետ Քրիստինե Քոչարյանը, ՀՌՀ-ի իրավական ապահովման բաժնի պետ Աստղինե Մանուկյանը և «Մենք Քոնսալթինգ» ընկերության իրավակիրառման բաժնի ղեկավար Նարինե Մկրտչյանը։

Քննարկվեցին տեսալսողական ոլորտի արդիականացման հարցերը, պատասխանատու մեդիայի ձևավորմանը և բովանդակությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև ցանցային օպերատորների դերը տեղեկատվության անվտանգությունում։

Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային և տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաև կրթական հաստատություններին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարությունները և թվային ապագան։