Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 9-ին կայացել է քննարկում ցանցային օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների ներկայացուցիչների հետ՝ տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր ընդունված չափորոշիչների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ։

Քննարկման ընթացքում ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը և Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են նոր կարգավորումներով սահմանված պահանջները՝ ներկայացնելով այն չափանիշները, որոնց հիման վրա գնահատվում է տեսալսողական բովանդակության համապատասխանությունը սահմանված պահանջներին։

Մասնավորապես, քննարկվել են օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքին և դրա գնահատման չափորոշիչներին:

Անդրադարձ է կատարվել նաև բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման սահմանափակումներին, պատերազմի կոչ անող, պատերազմական գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության, ազգային, ռասայական, սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով պայմանավորված խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման արգելքների չափորոշիչներին։

Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ցանցային օպերատորների և դիստրիբյուտորների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ ստանալով անհրաժեշտ պարզաբանումները։