Մարտի 20-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձևավորման 25-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են հեռուստառադիոընկերությունների, ցանցային օպերատորների, հեղինակազորված ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, անկախ սահմանադրական մարմինների, ՀՀ-ում գործող դեսպանությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Այսօր մենք բոլորս նկատում ենք, որ Հանձնաժողովը փորձում է վերաիմաստավորել իր գործունեությունը, իր առաքելությունը, և մենք կարծում ենք, որ մեզ մոտ ինչ-որ չափով դա ստացվում է։ Եվ այդ պատճառով 25 տարին մենք եզրագիծ չենք համարում։ Մենք գտնում ենք, որ ճանապարհի կեսին ենք և բավականին մեծ ծավալի աշխատանք ունենք, քանզի չի կարող լինել հասարակության, մեդիայի վստահություն, եթե նրանք համոզված չլինեն քո որոշումների անաչառության և անկախության մեջ»,- իր ողջույնի խոսքում շեշտեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հակոբյանի դիտարկմամբ՝ ամենակարևոր ձեռքբերումն այսօրվա ՀՌՀ-ի անկախ կարգավիճակն է։ «Մենք կարողանում ենք ընդունել որոշումներ, որոնք միգուցե այս կամ այն քաղաքական ուժին, իշխանություններին, անհատներին հաճո չլինեն։ Բայց դրանք առաջինը ծառայում են հանրային շահին, օբյեկտիվ են, անկողմնակալ և զերծ են դրսի ճնշումներից: Սա ամենամեծ նվաճումն է»,- ասաց նա՝ առաջիկա անելիքների շարքում կարևորելով տեսալսողական մեդիայի ամբողջ դաշտը կարգավորելու առաջնահերթությունը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այսօր համացանցի, արհեստական բանականության գործիքների միջոցով ստեղծված տեղեկատվական քաոսն իր մեջ պարունակում է բավականին մեծ սպառնալիքներ։ «Եթե հաշվի առնենք նաև թարգմանության հեշտությունը այսօր, ապա Հայաստանի համար ցանկացած վնասակար բովանդակություն կարող է թարգմանվել հայերեն և գալ Հայաստան։ Եվ դրա հակաթույնը այսօր մեր պետությունը, ցավոք, չունի։ Սա ես կարծում եմ՝ մեր առաջիկա անելիքներից ամենակարևորն է»,- նշեց Տիգրան Հակոբյանը։
Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի (ԳԿՄՍԵՍ) հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը՝ արձանագրելով ՀՌՀ-ի կողմից վերջին տարիներին կատարած նշանակալի աշխատանքը և ձեռքբերումները։
Ելույթների ավարտից հետո միջոցառմանը ներկա հյուրերի ուշադրությանը ներկայացվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսաֆիլմը:















