Փետրվարի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը, որի կազմում էին ԺՀՄԻԳ-ի ընտրությունների հարցերով ավագ խորհրդական Քսենյա Դաշուտինան, ԺՀՄԻԳ-ի ընտրությունների հարցերով խորհրդական Վիտտորիա Զանելատին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ծրագրի ավագ պատասխանատու Թիմ Նոբլաուն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերությունների ինքնակարգավորման հարցերը և օնլայն հարթակներում ապատեղեկատվության ու ատելության խոսքի տարածման խնդիրները։
Տիգրան Հակոբյանը նաև ներկայացրել է ՀՌՀ լիազորությունները ու գործառույթները և Հանձնաժողովի մշակած նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:



