Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին գումարեց իր հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝

  1. «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ:
  2. «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N316 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  3. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության՝ Վայք քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու դիմումի վերաբերյալ:
  4. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 60 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  5. «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 65 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  6. «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 61 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ դիմումը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։ Հաջորդ որոշմամբ բավարարվեց «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ դիմումը և ուժը կորցրած ճանաչվեց Ընկերությանը տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան: Ուսումնասիրելով օրակարգային երրորդ հարցը՝ հանձնաժողովը որոշում կայացրեց «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊԸ-ին Վայքում հատկացված 103.9 ՄՀց հաճախականությունը փոխարինել 107․7 ՄՀց հաճախականությամբ։        

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ կողմից կատարվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչների պահանջների առերևույթ խախտում։ Ըստ օրենքի՝ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24։00-06։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հանձնաժողովը խիստ կարևոր է համարում այն հանգամանքը, որ որոշակի ժամերին անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակման արգելքն ըստ էության կապված է հանրային շահի հետ։ Տվյալ վարույթը վերաբերում էր ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման այն հատվածներին, որոնցում տեղ են գտել գռեհկաբանությունը և հայհոյախոսությունները։

Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ին տուգանել 900․000 ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով տույժը՝ 400.000 ՀՀ դրամ և նույն օրենքի 57-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տույժը՝ 500․000 ՀՀ դրամ):

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊԸ կողմից նոյեմբերի 10-ից սկսած «ՌՈՒՍՍԿՈՅԵ ՌԱԴԻՈ» լսողական ծրագրի 24 ժամ շարունակ հեռարձակումը ՀՀ Գեղարքունիքի մարզի ք. Սևան՝ 96.3 ՄՀց, ք. Գավառ՝ 99․7 ՄՀց և ք. Մարտունի՝ 94.1 ՄՀց հաճախականություններով չապահովելուն։ Հանձնաժողովը որոշեց հետաձգել տվյալ հարցով քննարկումը մեկ շաբաթով։

Օրակարգային վերջին՝ վեցերորդ հարցը վերաբերում էր «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման հարցին։

Վարույթ հարուցելու համար փաստական հանգամանք է հանդիսացել նոյեմբերի 6-ին ժամը 18:27:43-18:29:00 ընկած ժամանակահատվածում հաղորդավարի կողմից ներկայացված խեղաթյուրված տեղեկատվությունը և կատարած սխալի չուղղելը։ Մասնավորապես՝ ըստ հաղորդավարի՝ ՀՀ վարչապետը կառավարության նիստի ընթացքում հետևյալ արտահայտությունն է հնչել՝ «(…) Լուրը կարևոր է, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ հետևյալ արտահայտությունն է հնչել՝ հունվարի 1-ից թղթի փող չշարժվի երկրում, եթե անգամ էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, ոչինչ թող այդ գույքը մեկ շաբաթ հետո վաճառվի, համաշխարհային ինտերնետն անջատվեց, ոչինչ թող այդ գույքը չօտարվի, միայն ու միայն, բացառապես էլեկտրոնային տարբերակով․․․», որը չի համապատասխանում իրականությանը։  

Ուսումնասիրելով նոյեմբերի 6-ի Կառավարության նիստի ձայնագրությունը՝ ամբողջությամբ պարզ է դառնում, որ խոսքը գնում է երկու տարբեր ոլորտների առարկաների մասին (պետական գույքի աճուրդով վաճառքի և կենսաթոշակի անկանխիկ վճարման), որոնց կարգավորման ոլորտը ինքնին տարբեր է և դրանց իրավական կարգավորումը ևս տարբեր է, իսկ այդ երկու առարկաների միակ միավորող հանգամանք է հանդիսացել գումարի բացառապես անկանխիկ շրջանառվելու պահանջը: Ընդ որում` ՀՀ Վարչապետը իր խոսքի մեջ անդրադառնում է կենսաթոշակի հարցին որպես օրինակ՝ քննարկվող թեմայի լույսի ներքո: 

Այստեղից կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ հաղորդավարն ամբողջ ծավալով չի ծանոթացել այն նյութին, որի մասին իրազեկում է հանրությանը՝ տարածելով ապատեղեկատվություն և հնչեցնելով կոնտեքստից կտրված արտահայտություններ:

Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքների համապատասխան դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը եզրակացրել է, որ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ չի ապահովել Օրենքով սահմանված իր համար պարտադիր հանդիսացող պահանջը՝ այն է. ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը։ Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ նկատմամբ՝ 500․000 դրամի չափով։

Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։