Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին գումարեց իր հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

  1. «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
  2. Անհատ ձեռնարկատեր Կարեն Քաջիկի Ավագյանի ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 317 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  3. «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 321 լիցենզիայի (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ) գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  4. «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 9 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
  5. «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 56 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Նիստի օրակարգը հաստատելուց հետ Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության 2025 թվականի նոյեմբերի 21-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացրած տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։ Դիստրիբյուտորը ձեռք է բերել «START Air» և «EPIC» տեսալսողական ծրագրերը ՀՀ տարածքում օգտագործելու բացառիկ իրավունք: Ծանուցման համաձայն ներկայացված տեսալսողական ծրագրերում գովազդ ներառված չէ։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր անհատ ձեռնարկատեր Կարեն Քաջիկի Ավագյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով  ներկայացրած դիմումին՝ դադարեցնել իր ցանցային օպերատորի  լիցենզիայի գործողությունը։ Գործունեության սփռման տարածքը՝ ՀՀ Կոտայքի մարզ։ Հանձնաժողովը առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով, ուսումնասիրելով ցանցային օպերատորի դիմումը, որոշեց ուժը կորցրած ճանաչել լիցենզիայի գործողությունը։

Երրորդ և չորրորդ հարցերը «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիայի (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ) գործողությունը դադարեցնելու դիմումն էր և նույն ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունումը։ Հանձնաժողովը, որոշեց բավարարել դիմումը  և  որոշում կայացրեց ուժը կորցրած ճանաչել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության սողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիայի գործողությունը։

4-րդ հարցի վերաբերյալ նշենք ,որ Հանձնաժողովը նոյեմբերի 11-ի N132-Ա որոշմամբ կասեցրել էր «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 20 օրով։ Սակայն, Հեռարձակողը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հանձնաժողով է ներկայացրել դիմում, որով խնդրել է դադարեցնել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը տրամադրված ՀՀ Արարատի մարզում՝ գ. Զովաշեն, ք. Վեդի և ք. Արտաշատ, հաճախականությունների օգտագործման լիցենզիայի գործողությունը։ Քանի որ  քննարկման առարկան  հանդիսանում է լիցենզիայի գործողության կասեցումը  վերացնելու կամ դադարեցնելու հարցն էր,  իսկ դիմումի ներկայացմամբ փաստացիորեն վերացել է այն իրավահարաբերությունը, որի շրջանակներում վարչական վարույթն հարուցվել էր։ Ուստի Հանձնաժողովը որոշեց հարուցված վարչական վարույթը կարճել:

Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը։  Հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրել է «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «5-ՐԴ ԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ «Հայլուր»-ի 2025 թվականի նոյեմբերի 5-ի ժամը 15։30-ի թողարկման ընթացքում հեռարձակվել է «Ողբերգություն, որը չկանխվեց․ Վախվորած ու շփոթված են դժբախտ ընտանիքից դուրս բերված երեխաները» վերնագրով տեսանյութը, որում լրագրողը հարցազրույց է վերցնում անչափահաս երեխաներից և ցուցադրվել է երեխաներից մեկի դեմքը:

Վարչական վարույթի մասին Հեռարձակողը պատշաճ ծանուցվել է և ներկայացրել դիրքորշում, համաձայն որի տեսանյութի նկարահանման ընթացում ստացել են անչափահասների ծնողի կողմից տրված բանավոր համաձայնությունը՝ երեխայի դեմքը ցուցադրելու համար, ինպես նաև նշել, որ Ընկերության պատրաստած հաղորդումը ընդգծել է խնդրի հանրային նշանակությունը և թեմայի լուսաբանման որպես սոցիալական պարտականության օրինաչափությունը։

Հանձնաժողովը Հեռարձակողին հարցում է ուղղել առ այն, որ Ընկերության կողմից հեռարձակվող Ծրագրի «Հայլուր» թողարկումներում հեռարձակված Ծափաթաղի ողբերգությանը վերաբերող տեսանյութերի վերաբերյալ ներկայացնի իր դիրքորոշումը դրանց՝ էթիկայի կանոնագրի պահանջներին համապատասխանության վերաբերյալ։

Վերոգրյալ փաստական և իրավական հանգամանքների համակցությամբ Հանձնաժողովն արձանագրում է` քննարկվող հարցը ակնհայտորեն գտնվում է էթիկայի կանոնների և մասնագիտական սկզբունքների ոլորտում։ Ինչպես Հեռարձակողի էթիկայի հանձնաժողովի թիվ Ա-5 որոշման բովանդակությունը, այնպես էլ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2025 թվականի նոյեմբերի 27-ի պաշտոնական հայտարարությունը շեշտադրում են այն հանգամանքը, որ անչափահասներին վերաբերող հաղորդումների պատրաստման և տարածման ընթացքում անհրաժեշտ է խստագույնս պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները։

Հանձնաժողովը նախ և առաջ ընդգծում է, որ լրագրողների և Հեռարձակողների խմբագրական անկախության պաշտպանությունը կարևոր նախապայման է ժողովրդավարական հասարակության կայացման և տեղեկատվության ազատ հասանելիության համար։

Հաշվի առնելով, որ՝

  • Ընկերության Ծրագրով հեռարձակված հաղորդումը նպատակ է ունեցել ընդգծելու քննարկվող իրադարձության հանրային նշանակությունը,
  • թեմայի լուսաբանումը իրականացվել է որպես սոցիալական պարտականություն՝ ուղղված հանրությանը տեղեկատվություն մատուցելուն և իրականության բազմակողմանի արտացոլմանը,

Ինչպես նաև էթիկայի դիտորդ մարմինների տրված գնահատականները վկայում են, որ հարցը վերաբերում է մասնագիտական էթիկայի նորմերի կիրառմանը և լրագրողական հավասարակշռված մոտեցման ապահովմանը, ուստի ղեկավարվելով վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքներով, ինչպես նաև ձեռք բերված ապացույցների ուսումնասիրությամբ և գնահատմամբ՝ Հանձնաժողովը որոշեց՝ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության հիմքով Հեռարձակողի նկատմամբ հարուցված թիվ 56 վարչական վարույթը կարճել։