Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 27-ին գումարեց իր հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝

1. «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 54 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

2. «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 55 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:

Հանձնաժողովը 2025թ․ հոկտեմբերի 23-25-ն իրականացրել է «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՇԱՆԹ» տեսալսողական ծրագրի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթների պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան ընտրական ցուցակների գրանցման ժամկետի հաշվարկի սկզբից 5 օր առաջ իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը:

Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողի կողմից ներկայացված այն հիմնավորումը, ըստ որի՝ իրավախախտումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով, չի կարող դիտվել որպես բավարար իրավական հիմք, որ Հանձնաժողովը չարձանագրի իրավախախտումը, նրան չտա համապատասխան իրավական գնահատական և չկիրառի սահմանված պատասխանատվության միջոցը։

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը: Հանձնաժողովը Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս պահանջել է մինչև հոկտեմբերի 24-ը ներկայացնել Հեռարձակողի լսողական ծրագրի սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածի ձայնագրությունը։ Մշտադիտարկման արդյունքում նոյեմբերի 6-ին կազմվել է մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը կազմելու համար փաստական հանգամանք է հանդիսացել այն, որ ներկայացված հղումներում

պարունակվող նիշքերը (ֆայլերը) չեն ներառում պահանջված վերոնշյալ ժամանակահատվածի ձայնագրություններն ամբողջությամբ։ Հարկ է նշել նաև, որ ձայնագրությունների որոշ մասը զուգորդվում է աղմկային ֆոնի բարձր մակարդակով (խշշոցով), որը մի դեպքում դարձնում է տեղեկատվությունը լսողության համար դժվար ընկալելի, իսկ որոշ դեպքերում՝ ոչ ընկալելի։

Հեռարձակողի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ աղմուկի աղբյուրը էլեկտրացանցում լարման տատանումներն էին, որի հետևանքով շարքից դուրս էր եկել ցանցային երթուղիչը: Փաստացի Հեռարձակողն ընդունել է, որ ներկայացված ձայնագրություններն ուղեկցվում են աղմուկով (խշշոցով), և այդ խախտումները, իրենց եզրահանգմամբ, առաջացել են էլեկտրացանցում լարման տատանումների հետևանքով։

Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կիրառել վարչական տույժ («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մաս) «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 500․000 դրամի չափով։ Վերոնշյալ որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան: