Նոյեմբերի 13-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հանդիպեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի կինոռեժիսուրա ֆակուլտետի երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների հետ։

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել մեդիա դաշտի կարգավորման առանձնահատկություններին և ներկայացնել ժամանակակից մեդիայի մարտահրավերներն ու տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը բովանդակության որակի վրա։

Տիգրան Հակոբյանը ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը՝ անդրադառնալով կառույցի կարգավորող և վերահսկողական գործառույթներին, օրենսդրությանը, ինչպես նաև արհեստական բանականության զարգացմանը և դրա բերած մարտահրավերներին եւ խնդիրներին։

«Խոսքի ազատությունը չափազանց կարևոր արժեք է, սակայն տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել տարածել նաև այնպիսի տեղեկատվություն, որը կարող է վնաս հասցնել մարդկանց հոգեկան կամ ֆիզիկական առողջությանը։ Առանց սահմանափակումների տեղեկատվությունը կարող է վտանգներ պարունակել», — նշեց ՀՌՀ նախագահը։

Տիգրան Հակոբյանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ շեշտելով մեդիա գրագիտության և քննադատական մտածողության դերը ապագա կինոռեժիսորների մասնագիտական զարգացման գործընթացում։

Հանդիպման ավարտին ՀՌՀ նախագահը կարևորեց կրթական հաստատությունների հետ շարունակական համագործակցությունը՝ նպատակ ունենալով խթանել մեդիա գրագիտության մակարդակի բարձրացումը և արժեքահեն բովանդակության ստեղծումը։

«Չար մարդը երբեք հաջողության չի հասնի։ Եղեք պոզիտիվ և կտեսնեք, թե կյանքը ինչ լավն է», – նշեց Տիգրան Հակոբյանը՝ դիմելով ուսանողներին։