Նոյեմբերի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հյուրընկալեց մարզային սփռում իրականացնող հեռարձակողներին։
Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի ընթացիկ խնդիրները, պարզաբանել կարգավորող դաշտում տեղի ունեցող փոփոխությունները և բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ։
Քննարկման ընթացքում հեռարձակողները բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես իրավական, այնպես էլ գործնական հարթություններին՝ առցանց հարթակներում տեղադրված նյութերի օգտագործման և տարածման կարգին, իրավական նորմերի միակիրառ պրակտիկային, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի շրջանառվող նախագծում մարզային հեռարձակողներին վերաբերող նոր դրույթներին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության կարևորությանը։
Տիգրան Հակոբյանը կարևորեց նման քննարկումների պարբերական բնույթը՝ ընդգծելով, որ Հանձնաժողովը պատրաստ է շարունակական երկխոսության և մարզային հեռարձակողների խնդիրների լուծմանն ուղղված համատեղ աշխատանքին։
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին, որի գործունեությունը նաև միտված է լինելու մարզային մեդիայի զարգացմանը աջակցելուն և հավասար հնարավորությունների ապահովմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը և պահպանել մշտական կապ՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով։





