«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկում է, որպեսզի Հայաստանի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման (հեռարձակվելու) լիցենզիա ստացած հայկական հեռուստաալիքներն իրենց շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը հեռարձակեն մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ․ այլ կերպ ասած՝ օգտակար բովանդակություն, ինչն օրենքի պահանջ է։
Վերոնշյալ 20 տոկոսի մասով օրենքի պահանջի կատարման շրջանակից դուրս ոչ Հանձնաժողովը, և ոչ էլ այլ մարմին եթերային բովանդակություն պարտադրելու կամ հեռուստառադիոընկերությունների խմբագրային անկախությանը միջամտելու իրավասություն չունի։
