Հանձնաժողովը որևէ օտարերկրյա հեռարձակողի, այդ թվում նաև՝ ռուսական հեռուստաալիքներին («Первый канал», «Культура» (մայրաքաղաքային սփռում ունեցող) և «РТР планета» (հանրապետական սփռում ունեցող), Հայաստանի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա չի տրամադրել, չի թույլատրել դրանց հեռարձակումը հանրային մուլտիպլեքսով և հետևապես նաև չի կարող արգելել կամ արգելափակել։
Ռուսական վերոնշյալ հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որը ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Հանձնաժողովին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների շրջանակից դուրս է միջկառավարական համաձայնագրի չեղարկումը։ Համաձայնագիրը կդադարի ուժի մեջ լինել 2027 թվականից, եթե մինչ այդ համաձայնագրի կողմերը պայմանավորվածություն ձեռք չբերեն դրա ժամկետի դադարեցման կամ երկարաձգման վերաբերյալ։
Այդուհանդերձ, Հանձնաժողովը՝ որպես Հայաստանում մեդիայի ոլորտը կարգավորող Սահմանադրական անկախ մասնագիտական մարմին, բազմիցս հրապարակավ հայտնել է իր անդամների հավաքական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, համաձայն որի՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում չպետք է հեռարձակվի որևէ օտար երկրի հեռարձակող, առանց բացառության։
