Այսօր` օգոստոսի 21-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը գումարեց իր հերթական նիստը, որի օրակարգում էր 5 հարց
- « ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
- «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
- «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
- «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 37 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՀԱՃԸՆ ԻՍՊ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 39 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Օրակարգը հաստատելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից 2025 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված ծանուցումը, որոշեց հաստատել ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Օրակարգային երկրորդ եւ երրորդ հարցերը վերաբերվում էին «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության եւ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտերին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներով որոշեց բավարարել «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» և «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերը՝ տալով նրանց տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Որոշումները ուժի մեջ են մտնում ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
Օրակարգային չորրորդ հարցի շրջանակում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ տուգանելով 50․000 ՀՀ դրամի չափով։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ 2025 թվականի հուլիսի 16-ի մշտադիտարկման արդյունքում ընկերությունը վերահաղորդել է մի շարք տեսալսողական ծրագրեր՝ առանց համապատասխան պայմանագրերի և իրավական հիմքերի:
Վերահաղորդվող ծրագրերի ցուցակը չի համընկել Հանձնաժողովին ներկայացված պաշտոնական ցանկի հետ, ինչը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտում Է։ Տուգանքը ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրը և կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
Օրակարգային հինգերորդ հարցի շրջանակում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց «ՀԱՃԸՆ ԻՍՊ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝ տուգանելով 50․000 ՀՀ դրամի չափով։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի նյութերը և 2025 թվականի հուլիսի 16-ի մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունը, արձանագրել է, որ ընկերությունը վերահաղորդել է մի շարք տեսալսողական ծրագրեր՝ առանց համապատասխան իրավական հիմքերի և պայմանագրերի: Ցանցային օպերատորը ներկայացրել է միայն «THT music» ալիքի լիցենզիոն պայմանագիրը, իսկ մյուս ալիքների վերաբերյալ վերահաղորդման իրավունքը հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել, ինչն հիմք է հանդիսացել վարչական տույժ կիրառելու համար: Տուգանքը ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրը և կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։