2025 թվականի օգոստոսի 6-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝
1. «Ֆասթ Մեդիա» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 8 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշեց վարչական տույժ կիրառել «Ֆասթ Մեդիա» ՍՊ ընկերության նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները Հանրային հեռարձակողի բացառիկ իրավունքով հեռարձակելու իրավական պահանջի կրկնակի խախտման համար։
Վարույթի ընթացքում պարզվել է, որ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 2025 թվականի հունիսի 6-ին և 9-ին հեռարձակել է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ «Կոսովո–Հայաստան» և «Չեռնոգորիա–Հայաստան» հանդիպումները՝ խախտելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը, ըստ որի՝ նման իրադարձությունների հեռարձակման բացառիկ իրավունքը պատկանում է միայն Հանրային հեռարձակողին։
Նշենք, որ կողմերի ներկայացուցիչները ներկա են եղել նիստին և ներկայացրել են իրենց դիրքորոշումները։
Հիշեցնենք, որ սա «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ի կողմից նույն իրավական պահանջի կրկնակի խախտման դեպք է։ 2025 թվականի հունիսին Հանձնաժողովը նույն հոդվածի խախտման համար ընկերությանը արդեն իսկ տուգանել էր 267,450 ՀՀ դրամի չափով։ Իսկ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասի՝ մեկ տարվա ընթացքում նույն խախտման կրկնման պարագայում նախատեսվում է եռապատիկ տուգանք։
Այս հիմքով Հանձնաժողովը որոշեց կիրառել 802,350 ՀՀ դրամի վարչական տույժ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Ֆասթ Մեդիա» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան:
