Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 64-րդ նստաշրջանը (հոկտեմբերի 14-16) կայացել է Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում, որին մասնակցել է 152 ներկայացուցիչ տարբեր եվրոպական երկրներից։ Համաժողովում Հայաստանը ներկայացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ։

Համաժողովի առաջին օրը քննարկվել են մեդիայի նկատմամբ վստահության նվազման պատճառները, տեղեկատվական միջավայրի վրա դրա ազդեցությունը և այն միջոցառումները, որոնք կարգավորող մարմինները կարող են կիրառել հանրային վստահությունը վերականգնելու համար։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հադիպումներ է ունեցել այլ կարգավորող մարմինների գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր թվային միջավայրում երեխաների և երիտասարդների պաշտպանությանը։ Անդրադարձ է եղել սոցցանցերում տարիքային սահմանափակումներին, դրա հետ կապված եվրոպական երկրներում կիրառվող կարգավորումներին և թվային հարթակների կողմից երեխաների անվտանգությունն ապահովելու միջոցառումներին։

Համաժողովը հնարավորություն է ընձեռում EPRA-ի անդամ կարգավորող մարմիններին իրականացնել փորձի փոխանակում և մասնագիտական քննարկումներ, վերլուծել ոլորտի արդի մարտահրավերները և զարգացնել միջազգային փոխգործակցությունը։

Եվրոպական կարգավորող մարմինների պլատֆորմը (EPRA) հիմնադրվել է 1995թ․ և միավորում է Եվրոպայի 47 երկրի 56 մեդիա կարգավորող մարմինների։ EPRA-ն անկախ, չեզոք հարթակ է, որի նպատակն է հնարավորություն տալ կարգավորող մարմիններին ազատորեն քննարկել ոլորտի խնդիրները, փոխանակվել փորձով և ծանոթանալ այլ երկրներում գործող օրենսդրական կարգավորումներին ու գործնական մոտեցումներին։