Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 8-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 8 հարց՝
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
- 2026թ․ մարտի 18-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
- 2026թ․ հունվարի 23-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ։
- «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
- «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 9 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 10 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 11 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 13 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց մայիսի 8-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։
Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել մարտի 18-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթը (մասնակցության հայտեր չեն եղել)։
Հանձնաժողովը նաև որոշեց մայիսի 18-ը սահմանել որպես հունվարի 23-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր: Մյուս հարցով Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է օրենքի պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ, այն է՝ «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» և «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊԸ-երի՝ իրենց 2025թ․ հասույթների գոյացման բացվածքները և չափերի վերաբերյալ տեղեկությունները մինչև 2026թ․ ապրիլի 1-ը ՀՌՀ չներկայացնելը։ Հանձնաժողովն Ընկերությունների նկատմամբ կիրառեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000-ական ՀՀ դրամով:
2025թ․ հասույթների գոյացման բացվածքները և չափի վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողով չներկայացնելու հիմքով վարչական վարույթ էր հարուցվել նաև «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի նկատմամբ։ Հեռարձակողը Հանձնաժողով էր ներկայացրել բացատրություն, ըստ որի` 2022թ․-ից գործունեություն չի իրականացնում։ Նշենք նաև, որ Հեռարձակողն ապրիլի 17-ին ներկայացրել էր դիմում՝ խնդրելով դադարեցնել Ընկերությանը տրամադրած հեղինակազորման վկայագրի գործողությունը։ Եվ Հանձնաժողովն ապրիլի 27-ին որոշել էր դադարեցնել Հեռարձակողին տրամադրած հեղինակազորումը, որով փաստացիորեն վերացել է այն իրավահարաբերությունը, որի շրջանակներում հարուցվել էր վարչական վարույթը։ Հանձնաժողովը որոշեց կարճել Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու oրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ: Հանձնաժողովը որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 500․000 ՀՀ դրամով:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։


