ՀՌՀ-ն հայտարարել է լիցենզավորման մրցույթ

Ապրիլի 21-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անցկացրել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր չորս հարց`

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 4 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
  3. «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 15 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
  4. «ՄԱՐԻՆԿԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։

Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշում է կայացրել հայտարարել մարզային մրցույթ՝ Տավուշի մարզում լսողական ծրագրի ռադիոհաճախականության օգտագործման լիցենզավորման նպատակով։ Մրցույթը կազմակերպվում է «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության լիցենզիայի դադարեցման հետևանքով առաջացած ազատ ռադիոհաճախականության հիմքով։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի որոշմամբ դադարեցվել է նշված լիցենզիայի գործողությունը՝ պայմանավորված նրանով, որ ընկերությունը սահմանված ժամկետում չի վերացրել լիցենզիայի կասեցման հիմք հանդիսացած խախտումները։

Նույն նիստի ընթացքում Հանձնաժողովը ընդունել է որոշում «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու վերաբերյալ՝ առանց համապատասխան պայմանագրերի մի շարք տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելու փաստով։

Հանձնաժողովի կողմից իրականացված տեղում մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ-ն վերահաղորդել է հետևյալ հեռուստածրագրերը՝ «Россия-К», «Россия-24», «НТВ-Мир», «НТВ Стиль», «НТВ Право», «НТВ Сериал», «Eurosport 1», «Eurosport 2» և «Animal Planet», որոնք ներառված չեն եղել Հանձնաժողովին ներկայացված ծրագրերի ցանկում։ Բացի այդ, ցանցային օպերատորը չի ներկայացրել նշված հեռուստածրագրերի վերահաղորդման պայմանագրեր կամ որևէ իրավական հիմք։

Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասը՝ Հանձնաժողովը արձանագրել է, որ ընկերության կողմից կատարվել է կրկնակի խախտում մեկ տարվա ընթացքում, քանի որ 2024 թվականին «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ-ն արդեն տուգանվել էր նմանատիպ խախտման համար։ Արդյունքում ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 150,000 ՀՀ դրամի չափով։

Նիստի երրորդ և չորրորդ հարցերը վերաբերում էին «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ և «ՄԱՐԻՆԿԱ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունմանը։

Մասնավորապես՝ նշված ընկերությունները, որպես ցանցային օպերատորներ, մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը Հանձնաժողովին չեն ներկայացրել 2024 թվականի իրենց հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ինչպես պահանջվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով։

Չնայած այն հանգամանքին, որ «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊԸ-ն տվյալ տեղեկատվությունը ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 8-ին, իսկ «ՄԱՐԻՆԿԱ» ՍՊԸ-ն՝ ապրիլի 7-ին, պարզաբանելով, որ շփոթել են վերջնաժամկետը, Հանձնաժողովը արձանագրել է, որ իրավախախտումը եղել է փաստացի, և ուշացումը չի կարող վերացնել դրա հետևանքները։

Հաշվի առնելով օրենքով սահմանված պարտավորությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հանձնաժողովը 2025 թվականի մարտի 5-ին պաշտոնապես տեղեկացրել էր բոլոր հեռարձակողներին և ցանցային օպերատորներին տվյալ պահանջի մասին, որոշում է կայացվել՝

«ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊ և «ՄԱՐԻՆԿԱ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ յուրաքանչյուրը՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք՝ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասի