Այսօր՝ մարտի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերության 04․05․2018 թվականի N 257 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումների, «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» և «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 08․09․2020 թվականի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումները որոշեց բավարարել Ընկերության դիմումները ուժը կորցրած ճանաչել «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» Ընկերությանը տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) N 257 լիցենզիան և տրամադրել «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ընկերությանը ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
Ներկայացնելով «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, որում նշված է «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու փաստի վերաբերյալ։
Հանձնաժողովը, հիմք ընդունելով Ընկերության դիմումը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ինչպես նաև ցանցային օպերատորի մոտ իրականացրել է մշտադիտարկում՝ տեղում դիտարկման միջոցով։
Ցանցային օպերատորը տեղեկացվել է հարուցված վարչական վարույթի վերաբերյալ, սակայն պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել։
Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից իրականացված տեղում դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից փաստացի վերահաղորդվել են «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության իրավասության ներքո գտնվող «Россия-К», «Россия-24», «НТВ-Мир», «НТВ Сериал», «Звезда», «Сарафан», «Т24», «Discovery Channel», «ID», «Моя Планета», «Наука», «Живая Планета» և «Мульт» տեսալսողական ծրագրերը։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հանձնաժողովի 26․04․2024 թվականի թիվ 36-Ա որոշմամբ ցանցային օպերատորը վարչական պատասխանատվության է ենթարկվել Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն։ Վարչական տույժ կիրառելու հիմք է հանդիսացել ցանցային օպերատորի կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի պահանջի խախտման փաստը։ Միաժամանակարձանագրում ենք, որ ցանցային օպերատորը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելով, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասի հատկանիշներին։
Ելնելով վերոգրյալիցՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Ներկայացնելով օրակարգային վերջին՝ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է լսողական մեդիածառայություն մատուցող «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրի եթերում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստ։
Հանձնաժողովը Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության դիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։
Ըստ Արձանագրության՝ Հեռարձակողի «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրի 2025 թվականի փետրվարի 06-ի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ տարբեր ժամերի հեռարձակված «Perfect Smile» ատամնաբուժարանների գովազդում չի նշվել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը։
Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանմամբ հայտնել է հետևյալը, «(…) տեղի էր ունեցել շատ կոպիտ տեխնիկական վրիպակ կապված Perfect Smile գովազդային հոլովակի վերջնական լիարժեք տարբերակը՝ հեռարձակվող եթերային ծրագրում տեղադրվող սարքավորումների խափանման հետ։ Դրա հետևանքով Ձեր կողմից նշված ժամանակահատվածում եթեր էր հեռարձակվել Perfect Smile գովազդային հոլովակի թերի տարբերակը։ Այժմ վերոնշյալ հոլովակի հեռարձակումը դադարեցված է։ Վստահեցնում եմ, որ անձամբ կհետևեմ, որ հոլովակը շտկվի և բերվի ՀՀ օրենքներին համապատասխանող սկզբնական պլանավորված տեքստի և միայն այդ դեպքում կրկին կհայտնվի եթերում»․․․։
Այսպիսով, վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողը «Perfect Smile» ատամնաբուժարանի մասին գովազդը հեռարձակելիս չի նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը՝ խախտելով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 73-րդ մասի պահանջները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով Հանձնաժողովը որոշեց «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: