Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 5-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝
1. 2026 թվականի սեպտեմբերի 11-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
2. «Ա1 ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության` ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ։
3. «ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
4. «ՆԵՏՔՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 34 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
5. «ՊԼԱՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 35 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
6. «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 36 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթը (հայտեր չեն եղել)։
Այնուհետև Հանձնաժողովը որոշեց բավարարել «Ա1 ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա, ինչպես նաև ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրել է, որ «ՆԵՏՔՈՄ» ՍՊ ընկերությունն առանց համապատասխան իրավական հիմքի՝ պայմանագրի, տեսալսողական ծրագրերի վերահաղորդմամբ առերևույթ խախտել է օրենքի համապատասխան դրույթի պահանջը։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 200․000 ՀՀ դրամով:
ՀՌՀ-ն արձանագրել է, որ «ՊԼԱՆԵՏ» ՍՊ ընկերությունն առանց համապատասխան իրավական հիմքի՝ պայմանագրի, տեսալսողական ծրագրերի վերահաղորդմամբ առերևույթ խախտել է օրենքի համապատասխան դրույթի պահանջը։ Ցանցային օպերատորը Հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանումներ և դրանց կից տրամադրել է նաև տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավունքը հավաստող ապացույցները՝ համապատասխան ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։
Հանձնաժողովը, ուսումնասիրելով ցանցային օպերատորի ներկայացրած պարզաբանումը և տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավունքը հավաստող պայմանագրերը, որոշեց կարճել «ՊԼԱՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը:
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների շրջանակում 2026թ․ հոկտեմբերի 9-ին իրականացրել է «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՖՈՐՏՈՒՆԱ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հոկտեմբերի 8-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հեռարձակողը «Հայտնություն» հաղորդման ընթացքում տարածել է տեղեկատվություն, որով հնդկական կրոնի և բուդդայականության հետևորդների հավատալիքները և ծեսերը բնութագրվել են ընդհանրական և նվաստացուցիչ արտահայտություններով, իսկ դրանց հետևորդներին ուղղվել է նվաստացուցիչ դիմելաձև։
Հանձնաժողովն արձանագրել է, որ «ՖՈՐՏՈՒՆԱ» տեսալսողական ծրագրի ընթացքում տարածված տեղեկատվության բովանդակությամբ, համատեքստով և մատուցման եղանակով դրսևորվել է 2026թ․ սեպտեմբերի 11-ի «Տեսալսողական հաղորդումներում ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների 4-րդ, 5-րդ կետերի, 6-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հատկանիշների առկայությունը, ուստի դրա տարածմամբ խախտվել է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արգելքը։
ՀՌՀ-ն որոշեց «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված վարչական տույժը` տուգանելով 400․000 ՀՀ դրամով։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։





