Համավարակի ու պատերազմի պատճառով գովազդային շուկան լրջորեն ցնցվեց։ Հեռուստաընկերություններից շատերը ստիպված կրճատել են հաղորդումների քանակն ու աշխատակազմը, նաև պարտքեր կուտակել։ Ֆինանսական խնդիրները կարող է խորացնել շահումով խաղերի գովազդն արգելող օրինագիծը։
Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի տվյալներով՝ հանրային մուլտիպլեքսում ու FM տիրույթում հեռարձակող հեռուստա և ռադիոընկերություններն այդ օրենքով կարող են կորցնել իրենց գովազդային եկամուտների մինչև 15%-ը (երեք տարվա ընթացքում այն կազմել է տարեկան մոտ 900 միլիոն դրամ)։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է 2-3 տարով հետաձգել շահումով խաղերի գովազդի արգելքը լիցենզավորված մեդիայի համար։ Բայց միաժամանակ գործնականորեն օգտագործել հեռուստառադիոդաշտը՝ պայքարելու խաղամոլության կործանարար հետևանքի դեմ։
Նա շեշտում է, որ լիցենզավորված հեռուստա և ռադիո ընկերությունները պետք է պետության դաշնակիցը լինեն, քանի որ ըստ օրենքի պարտավոր են իրենց եթերի 20%-ը տրամադրել հանրօգուտ բովանդակությանը՝ կրթական, մշակութային, սոցիալական, մանկական և այլն։ Իսկ մյուս լրատվամիջոցները նման պարտավորություն չունեն։
Եվ պետությունը կարող է խթանել համագործակցությունը հեռարձակողների հետ, այդ թվում նաև պետպատվերով։
Շահումով խաղերի գովազդի արգելքի ժամանակավոր կասեցումը կլինի՞ լուծում։
Առնվազն, կօգնի գտնել լուծումներ, ժամանակ կտա հանրային մուլտիպլեքսում ընդգրկված հեռուստաընկերություններին փնտրել ու գտնել եկամտի նոր աղբյուրներ։ Անցյալ տարի նրանք ներկայացրել էին մրցութային առաջարկ՝ ունենալով յոթ տարվա զարգացման ծրագիր, որը հիմնված էր նաև գովազդից ստացված եկամուտների հաշվարկների վրա։
Իսկ խաղի կանոնների կտրուկ փոփոխությունը կազդի ալիքների պլանավորման ու բովանդակության վրա։
Իրականում, մոլախաղերը շատ են տարածված ու սարսափելի հետևանք ունեն։
Այո, բայց մոլախաղերի դեմ պայքարը արդյունավետ չէ միայն գովազդի արգելքով։
Շահումով խաղերի գովազդն ամենուրեք է, և հեռուստատեսությունն այն տարածող ամենաթույլ միջոցներից է։
Ինտերնետը, քաղաքի պաստառներն ու գովազդային վահանակները, մետրոն ողողված են բուքմեյքերական ընկերությունների գովազդով ու խաղադրույք անելու հրավերով։
Հանձնաժողովում ուսումնասիրվել են մի շարք երկրների փորձը, որտեղ գործում են մոլախաղերի դեմ պայքարի լայնամասշտաբ ու մշակված ազգային ծրագրեր՝ բազմաթիվ բաղադրիչներով և մասնակիցներով։ Մեզ մոտ վերցրել են այդ բաղադրիչներից միայն մեկը։
Վստահ եմ՝ կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել հանրային մուլտիպլեքսի ռեսուրսը՝ մոլախաղերի դեմ լայն համազգային քարոզչական արշավ կազմակերպելու համար։ Եվ ոչ միայն սոցիալական հոլովակների միջոցով, այլև սերիալների, կրթական հաղորդումների։
ՀՌՀ-ն ուսումնասիրել է վերջին երեք տարվա գովազդի շուկան։ Ի՞նչ ծավալ ուներ շահումով խաղերի գովազդը։
Շահումով խաղերի գովազդը դժվար չափելի է, քանի որ բացի բուն գովազդից կա նաև քողարկված գովազդ՝ պրոդուկտ փլեյսմենթ։ Եղել են նաև կոմերցիոն ծրագրեր, որոնց հովանավորները շահումով խաղերի ընկերություններն էին։ Բայց այդ գումարը մեզ համար շատ դժվար հաշվելի է։
2019-ին շահումով խաղերի տոտալ գովազդը կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ։ Հիմնական գովազդատուները հինգն են՝ Աջարաբեթ, Տոտո, Ինտերլոտո, Վիվառո (ընդ որում՝ շրջանառվող գումարի գրեթե կեսը Վիվառոյինն է)։
2020-ին շահումով խաղերի գովազդից ստացված գումարը մոտ 700 մլն դրամ էր, իսկ 2021-ին (մինչև նոյեմբեր 1-ը)՝ 658 մլն դրամ։
Թեև այդ գումարը նվազել է, բայց խնդիրը նաև այն է, որ ընդհանուր գովազդի շուկան ավելի շատ է նվազել։ Եթե 2020-ին 1 մլրդ-ը ընդհանուր գովազդի 7%-ն էր, ապա 2020-ին 716 մլնը արդեն 15% էր։
Այսինքն մեծացել է շահումով խաղերից ստացած գումարի տեսակարար կշիռը։
Եվ եթե այս գումարը հանում ենք հեռուսառադիոշուկայից, ապա դժվարեցնում ենք հեռարձակողների լիցենզիոն պարտավորությունների կատարումը, նվազեցնում ենք որակյալ բովանդակությունը եթերում:
Շատ կարևոր է գիտակցել, որ համացանցում գործող լրատվամիջոցները, կայքերը օրենսդրությամբ սահմանված պարտավորություններ չունեն ստեղծելու հանրօգուտ բովանդակություն։ Եվ դրանով է պայմանավորված ՀՌՀ առաջարկը բացառություն անել հենց լիցենզավորված մեդիայի համար:
Իսկ պետությունն ունի՞ պարտավորություններ, թե՞ ամեն ինչ ինքնակարգավորման հարց է։
Տարբեր պետություններ փորձում են հանրօգուտ և որակյալ հաղորդումների պատրաստման ու տարածման համար արտոնություններ տալ։ Կարող են, օրինակ, ազատել տարեկան տուրքից կամ կրճատել սփռման ազդանշանի համար վճարվող գումարը։
Կան նաև պետական հիմնադրամներ, որոնք տենդերների միջոցով փոխհատուցում են մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին՝ որակյալ բովանդակություն տարածելու համար։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.media.am կայքում: