Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունիսի 2-ին և 3-ին կազմակերպվել էր ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում լիցենզավորված և հեղինակազորված տեսալսողական ծրագրեր մատուցողների և հեռարձակողների ներկայացուցիչների համար սեմինար-դասընթացներ:
Սեմինար-դասընթացներին ՀՌՀ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ԱԺ արտահերթ ընտրությունների ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները:
ՀՌՀ պատասխանատուները նշել են, որ նախընտրական շրջանում առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, «Ընտրական օրենսգրքի», ինչպես նաև Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչության գնահատման մեթոդաբանության պահանջներով, Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է իրականացնելու հեռարձակողների նկատմամբ:
Միաժամանակ, մանրամասն ներկայացնելով նախընտրական շրջանում հեռարձակողների իրավունքներն և պարտականությունները, ուղիղ եթերով ցուցադրվող հաղորդումների ժամանակ էթիկայի կանոնների չպահպանման և դրանց հետևանքով կիրառվող պատժամիջոցները:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի միջոցով հեռարձակողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը: