ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթների մասնակիցների ցանկը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, օրակարգում երեք հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների վերաբերյալ:

Օրակարգի հաստատումից հետո քննարկելով առաջին հարցը նշվեց, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցության համար հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ ԹԻՎԻ» և Վայոց ձորի մարզում՝ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերությունները:

Հանձնաժողովը ղեկավարվելով «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով` որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթների մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2021 թվականի ապրիլի 27-ը:

Քննարկելով օրակարգային 2-րդ և 3-րդ հարցերը Հանձնաժողովը որոշեց բավարարել դիմումատուների պահանջը՝ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությանը  տրամադրել ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա և ուժը կորցրած ճանաչել «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան: