ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ՑԱՅԳ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Այսօր՝ ապրիլի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, օրակարգում ունենալով հետևալ հարցերը՝ ««ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» և ««ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցերի վերաբերյալ:

Օրակարգի հաստատումից հետո անդրադառնալով ««ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցին իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչը նշեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության դիմում-բողոքները՝ «ՑԱՅԳ» ընկերության (այսուհետ` Հեռարձակող) կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների պահանջների խախտման փաստերի վերաբերյալ, առաջարկելով Հեռարձակողի նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել՝ հետագայում նմանատիպ հակաիրավական արաքները կանխելու նպատակով:

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով է ներկայացրել գրավոր բացատրություն և հայտնել, որ բողոքում նշված խախտումները տեղի են ունեցել ավտոմատացված եթերային համակարգի տեխնիկական խոտանի հետևանքով: 

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Հեռարձակողի կողմից չեն պահպանվել «Գովազդի մասին» օրենքով ամրագրված վիճակախաղի գովազդի հեռարձակման սահմանափակումները, խախտվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջն՝ այն է եթեր հեռարձակված ֆիլմի ընթացքում, որտեղ առկա է եղել ծխելու տեսարան պարունակող դրվագ, 5 վայրիկյան տևողությամբ բացակայել է «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառումը:

Հեռարձակողի կողմից  ցուցադրվել է նաև հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ֆիլմեր, որոնց  հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթեր Հեռարձակողը չի ներկայացրել Հանձնաժողով:

Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներով որոշեց «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի  16-րդ և 24-րդ մասերով սահմանված տույժերը՝ տուգանելով 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Հեռարձակողի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության՝ հեղինակային իրավունքի պահանջները խախտելու համար:

Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին նշվեց, որ արձանագրվել է լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության (այսուհետ` Հեռարձակող) կողմից իր «Ռադիո Ավրորա» լսողական ծրագրի եթերում «Գովազդի մասին»  օրենքով ամրագրված վիճակախաղերի գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտում։

Հանձնաժողովն ուսումնասիրվելով վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացված փաստերը, Հեռարձակողի կողմից ներկայացված ձայնագրությունները, դրանք համեմատվելով Հանձնաժողովում առկա ձայնագրությունների հետ, պարզել է, որ Հեռարձակողը վիճակախաղի գովազդի հեռարձակումն իրականացրել է լրատվական թողարկումից 30 րոպե հետո։

Հանձնաժողովը հաշվի առնելով այն փաստը, որ ձայնագրման համակարգի տեխնիկական խոտանով պայմանավորված՝ վերոնշյալ խախտումն արձանագրվել է թերի հաշվարկի պատճառով, այլ ոչ Հեռարձակողի մեղքով, վերլուծելով և գնահատելով սույն վարչական գործի հետ կապված փաստական հանգամանքները, որոշեց, որ Հեռարձակողի՝ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման։