ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կարճվել է «ՌԱԴԻՈ-ՊՌՈ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը չկայացած հայտարարելու, «ՊՐՈԴԻԶԱՅՆ», «ՅՈՒՔՈՄ» և «ՎԱԼԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և ««ՌԱԴԻՈ-ՊՌՈ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցի վերաբերյալ։

Քննարկելով օրակարգային առաջին հարցը՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը չկայացած հայտարարելու մասին, Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ 2019 թվականի հունիսի 27-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարվել է չկայացած՝ մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամանակահատվածում (27.06.2019թ.-27.12.2019թ.) դիմումներ չներկայացվելու հիմքով:

««ՌԱԴԻՈ-ՊՌՈ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցը ներկայացնելիս իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը ներկայացրել է վարույթի բացման հիմքերը, այն է՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 8-ը, եթերի մշտադիտարկում իրականացնելիս արձանագրել է Ընկերության եթերում մեկ եթերային ժամի հաշվով գովազդի հեռարձակման տևողության խախտում:

Ըստ 2019 թվականի նոյեմբերի 11-ի իրավախախտման վերաբերյալ արձանագրության՝ Ընկերության եթերում մեկ եթերային ժամի հաշվով հեռարձակվել է գովազդ 14 րոպեից ավելի տևողությամբ՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողով ներկայացրած գրավոր պատասխանում Ընկերությունը ներկայացրել է տվյալ ժամանակահատվածում եթերում հեռարձակված գովազդի մասին իրենց տեղեկատվությունը՝ համեմատելով Հանձնաժողովի կողմից արձանագրված տվյալների հետ: Ըստ Ընկերության պարզաբանման գովազդի տևողության տարբերությունները կապված են ռադիոընկերության եթերով հեռարձակված «Ֆինանսական նորություններ» անվանումով գովազդային բնույթ կրող ռադիոհաղորդման հետ, որը հեռարձակվում է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 8:00-ից մինչև 22:00-ն ընկած բոլոր ժամային գոտիներում՝ բացառությամբ 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածը, որի տևողությունը կազմում է 1,48 րոպեից մինչև 1,73 րոպե: Ընկերության կողմից ներկայացվել են նաև եթերի ձայնագրությունները:

Ուսումնասիրելով ներկայացված փաստերը և նիստի ընթացքում լսելով ռադիոընկերության ներկայացուցչի բանավոր մեկնաբանությունները Հանձնաժողովը որոշում է կայացրել Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:

Քննարկելով օրակարգային մյուս հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: