ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովն ընդունել է վարչական ակտեր

Այսօր՝ հունիսի 13-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՅՈՒՔՈՄ» ՓԲ, «ՅՈՐՆԵԹ», «ԱՅՐՈՒՄ ԹԻՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», «ՖԼԱՅՆԵՏ», «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման,«ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության` ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2020 թվականի ապրիլի 27-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 278 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊընկերության` ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊընկերության` Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումների վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմումը, որտեղ նշված է ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՅՈՒՔՈՄ» ընկերության կողմից առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման իր տեսավարձույթ ծառայության տեսացանկում բաժանորդներին հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կինո-հեռուստաֆիլմեր տրամադրելու փաստի վերաբերյալ։ Միաժամանակ «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ընկերությունը տեղեկացրել է, որ հանդիսանում է դիմումում նշված Ֆիլմերի նկատմամբ հեղինակային իրավունքների՝ ՀՀ տարածքում բացառիկ իրավատերը։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և հիմք ընդունելով Իրավատիրոջ դիմումը՝ ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ցանցային օպերատորի կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացվել:

Վարչական վարույթի ընթացքում՝ Իրավատերը գրավոր դիմել է Հանձնաժողով և դիմումում նշելով, որ «Սոլիդ Փարթներ» ՍՊԸ-ն հրաժարվում է Ֆիլմերի մասով իր բացառիկ իրավունքների խախտման կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու և «Յուքոմ» ՓԲԸ-ին պատասխանատվության ենթարկելու Հանձնաժողով ուղարկված և Հանձնաժողովի կողմից ստացված «Յուքոմ»-ի դեմ վարչական վարույթի հիմք դիմումից:

Հաշվի առնելով այն փաստը, որ Իրավատերը հրաժարվել է ցանցային օպերատորի դեմ վարչական վարույթի հիմք հանդիսացող դիմումից, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ դիմողը իր դիմումից գրավոր հրաժարվելու դեպքում վարչական վարույթը կարճվում է, Հանձնաժողովը որոշեց կարճել դիմումի հիման վրա «ՅՈւՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերին, նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանդիմումները, որտեղ նշված է «ՅՈՐՆԵԹ», «ԱՅՐՈՒՄ ԹԻՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» և «ՖԼԱՅՆԵՏ» ՍՊ ընկերությունների կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրային հիմունքների վերահաղորդելու փաստը։

Հանձնաժողովը դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթների ընթացքում ուսումնասիրել է վարչական վարույթների մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը, համադրել Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքների հետ և առաջնորդվելով ինչպես գործում առկա, այնպես էլ  ներկայացրած ապացույցներով, ամրագրվել է, որ խնդրո առարկա հանդիսացող տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորների կողմից չեն վերահաղորդվել և ցանցային օպերատորները իրենց ներկայացրած գրավոր բացատրությամբ հայտնել են այն մասին, որ նշված  տեսալսողական ծրագրերն իրենց կողմից չեն վերահեռարձակվում: Հանձնաժողովը վերլուծելով և գնահատելով գործերիի հետ կապված փաստական հանգամանքները որոշում է կայացրել կարճել «ՅՈՐՆԵԹ», «ԱՅՐՈՒՄ ԹԻՎԻ» ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», «ՖԼԱՅՆԵՏ» ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հեղինակազորված «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի ընթացքում օրենքով արգելված ժամանակահատվածում՝ գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտում։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության դիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ Ըստ արձանագրության՝ Հեռարձակողի «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հեռարձակվել է գովազդ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքներով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Քննարկելով օրակարգային հաջորդ՝ «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության` ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2020 թվականի ապրիլի 27-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 278 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հարցը Հանձնաժողովը որոշեց           բավարարել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության դիմումները՝ տրամադրել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությանը ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա, միևնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությանը 2020 թվականի ապրիլի 27-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 278 լիցենզիան։

Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» և «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊընկերությունների ցանցային օպերատորների գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումները և տրամադրել համապատասխանաբար՝ ՀՀ Սյունիքի մարզի և Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորների գործունեության լիցենզիաներ։